Եվրոպա

Դանիան և Գրենլանդիան առաջարկել են ՆԱՏՕ-ի առաքելություն տեղակայել Արկտիկայում

2 րոպեի ընթերցում

Դանիան և Գրենլանդիան առաջարկել են ՆԱՏՕ-ի առաքելություն տեղակայել Արկտիկայում

Դանիան և Գրենլանդիան քննարկել են Գրենլանդիայում և Արկտիկայում ՆԱՏՕ-ի առաքելություն ունենալու հնարավորությունը, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պոուլսենը ելույթ է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտի հետ հանդիպումից հետո։

«Մենք առաջարկել ենք սա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես սա ընդունել է ի գիտություն, և ես կարծում եմ, որ մենք այժմ կարող ենք, հուսով եմ, ստեղծել շրջանակ, թե ինչպես կարելի է դրան հասնել», - ասել է Պոուլսենը։

«Սա նաև համապատասխանում է այն ամենին, ինչ մենք քննարկել ենք Գրենլանդիայի կառավարության հետ», - հավելել է նա։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպումից հետո հայտարարել է, որ Դաշինքը կշարունակի աշխատել Դանիայի և Գրենլանդիայի հետ՝ Արկտիկայի տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Եվրոպական 8 երկիր արդեն իսկ զինվորականներ են ուղարկել Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիա՝ «Արկտիկական դիմացկունություն» զորավարժություններին մասնակցելու։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ԵՄ 8 երկրների, մասնավորապես՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են դանիական կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում