44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ դահլիճում ներկայացնելու հնարավորությունները սահմանափակ են. Ալեն Սիմոնյան
4 րոպեի ընթերցում
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող հրապարակային քննարկվել, քանի որ պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Ասեմ, որ բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու զեկույցին, բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, մեծ հաշվով լիագումար նիստի տրամաբանությունն էլ էր այս դեպքում անհնար։ Այդ զեկույցը ԱԺ դահլիճում ներկայացնելու հնարավորությունները սահմանափակ են։ Բայց ինչպես դուք, այնպես էլ դահլիճում ներկա պատգամավորները, որոնք ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են մոտենալ և ծանոթանալ զեկույցին»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորներին, որոնք շատ են խոսում 44-օրյա պատերազմի մասին, գոնե ծանոթանալ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Նա նշեց, որ ընդամենը մի քանի ընդդիմադիր պատգամավորներ են ծանոթացել այդ զեկույցին։ «Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում այդ զեկույցին ծանոթանաք, հիմա էլ ասում եք՝ եկեք դահլիճում քննարկենք։ Կարծում եմ, որ սա տրամաբանական չէ»,- նշեց Սիմոնյանը։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով ԱԺ նախագահին, նշեց, որ ԱԺ կանոնակարգի պահանջն է, որպեսզի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, իսկ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը մինչ այս պահը ԱԺ-ի քննարկմանը չի ներկայացվել։
«Նորից եմ ասում, այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղի։ Այն փաստը, որ Ազգային ժողովի 107 պատգամավորները պետք է ծանոթանան, իրողություն է։ Գնացեք առաջին բաժին, ծանոթացեք։ Կես տարի է անցել այն օրվանից, երբ զեկույցը պատրաստ է, ամեն հարցազրույցին մեր լրագրողները, մնացած բոլորը առիթը բաց չեն թողնում սրա մասին խոսելու համար։ Գնացեք ծանոթացեք, ինչի համար չեք գնում։ Մեզ քննադատում եք, բայց չեք գնո՞ւմ ծանոթանաք։ Պատգամավոր կա, գնացել է, բացել է զեկույցը, հետո ասել՝ չէ, շատ է, հետո կնայեմ։ Սա՞ է խնդիրը։ Այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերող թեմաներ կան։ Սրա շուրջ շահարկումներ անելն անընդունելի է»,- ընդգծեց Սիմոնյանը։
Թեմայի շուրջ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ առաջարկելով հանրային լսումներ հրավիրել, որի ընթացքում խորհրդարանին և հանրությանը կներկայացնեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցի այն հատվածները, որոնք գաղտնիություն չեն պարունակում։
«Ես պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ կազմակերպել հանրային լսումներ, որոնց ընթացքում այդ զեկույցի բաց մասը կներկայացվի ոչ միայն մեր խորհրդարանին, այլ նաև մեր հանրությանը։ Առնվազն զեկույցի բաց մասը թող բոլորը լսեն, որովհետև այնտեղ շատ կարևոր կտորներ կան»,- մանրամասնեց Ալեքսանյանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն էր, խոստացավ քննարկման առարկա դարձնել Վահագն Ալեքսանյանի առաջարկը։