Եվրոպա

ԱՄՆ Կոնգրեսի անդամներն այցելել են Դանիա՝ Գրենլանդիայի հետ կապված Թրամփի նկրտումների ֆոնին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի անդամներն այցելել են Դանիա՝ Գրենլանդիայի հետ կապված Թրամփի նկրտումների ֆոնին

ԱՄՆ Կոնգրեսի անդամների երկկուսակցական խումբն այցելել է Դանիա՝ աջակցություն ցույց տալու թագավորության կազմի մեջ մտնող Գրենլանդիային՝ կղզին ԱՄՆ-ին միացնելու նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

11 անդամից բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են սենատորներ և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, որոնք ՆԱՏՕ-ի ջերմեռանդ աջակիցներ են, հանդիպում կունենա պատգամավորների, ինչպես նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և նրա գրենլանդացի գործընկեր Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ։

Պատվիրակությունը գլխավորում է սենատոր Քրիս Քունսը, որն ավելի վաղ ասել էր, որ «մենք պետք է ավելի մոտենանք մեր դաշնակիցներին, այլ ոչ թե վանենք նրանց»։

Չնայած Քունսը և պատվիրակության մեծամասնությունը Թրամփի դեմոկրատ հակառակորդներ են, սակայն խմբում ընդգրկված են նաև հանրապետական ​​սենատորներ Թոմ Թիլիսը և Լիզա Մուրկովսկին։

Դեմոկրատ և հանրապետական ​​օրենսդիրները ներկայացրել են օրենսդրական ակտ՝ Թրամփի կողմից Գրենլանդիան ուժով զավթելը կանխելու համար։ Հանրապետական ​​կոնգրեսականներից մեկն իր հերթին ներկայացրել է կղզու բռնակցման ծրագրին աջակցող մրցակից օրինագիծ։

Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրին Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է խոսի Գրենլանդիայի ղեկավարների հետ, այլ ոչ թե Դանիայի։

Թրամփը պնդում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար, և որ Դանիան չի կարող պաշտպանել այն Ռուսաստանի կամ Չինաստանի հնարավոր հարձակումներից։

Ե՛վ Դանիան, և՛ Գրենլանդիան դեմ են արտահայտվել կղզու միացմանն ԱՄՆ-ին։

ԱՄՆ-ն արդեն իսկ ունի ավելի քան 100 զինծառայող, որոնք մշտապես տեղակայված են Գրենլանդիայի Պիտուֆիկի բազայում. ԱՄՆ-ն այս օբյեկտը շահագործում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Ըստ Դանիայի հետ գործող համաձայնագրերի՝ ԱՄՆ-ն իրավասու է Գրենլանդիա բերել այնքան զորք, որքան ցանկանում է։

Դանիան զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կնշանակեն ՆԱՏՕ-ի վերջը։

ՆԱՏՕ-ն գործում է այն սկզբունքով, որ դաշնակիցները պետք է օգնեն միմյանց դրսից հարձակման դեպքում. այն երբեք չի բախվել այնպիսի տարբերակի, երբ մեկ անդամը սպառնում է ուժ կիրառել մյուսի դեմ։

Եվրոպացի դաշնակիցները միավորվել են Դանիային աջակցության համար։ Այս նպատակով մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան, սահմանափակ թվով զորքեր են ուղարկել Գրենլանդիա՝ այսպես կոչված հետախուզական առաքելության շրջանակներում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շուտով կուղարկվեն «ցամաքային, օդային և ծովային ուժեր»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում