Ալեն Սիմոնյանը վստահ է՝ բոլոր գերիների վերադարձը ժամանակի հարց է
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը ժամանակի հարց է, բոլորը պետք է վերադառնան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման համոզմունք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
ԱԺ նախագահը հիշեցրեց՝ իշխանությունը միշտ ասել է, որ գերիների վերադարձի մասով տարվող գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է: Նա օրեր առաջ Ադրբեջանից Հայաստան 4 գերիների վերադարձը համարեց այդ գործընթացի արդյունքը:
«Այնքան հաճախ, որքան հանդիպում ու խոսում ենք, մենք երևի թե որևիցե թեմայի մասին այդքան չենք խոսում: Խոսքը ոչ միայն գերիների մասին է, մենք մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների հետ կապված: Եվ այդ պրոցեսը ավարտվելու է այն ժամանակ, երբ որևիցե մեկի մոտ որևիցե հարց չի մնա, և մեր հայրենակիցներից որևիցե մեկն այնտեղ չի մնա: Մեզ համար որևիցե տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան, և դա ժամանակի հարց է, ես վստահ եմ»,-ասաց Սիմոնյանը:
Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին: