Ուժեղ մարդիկ չէ, որ հասնում են հաղթանակի, այլ՝ համբերատարները. Լիանա Գյուրջյան
7 րոպեի ընթերցում

Մարզիկների սպորտային կյանքն, առհասարակ, երկար չէ և սպորտը «պարգևատրում» է նրանց, ովքեր անվերապահորեն նվիրվում են իրենց գործին, հոգի դնում ամեն արածի մեջ ու հավատում այն ճանապարհին, որով անցնում են:
Ծանրամարտի կանանց դպրոցը նոր անուններ է տալիս մարզաշխարհին: 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը դարձավ հին աշխարհամասի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գյուրջյանը խոսել է ծանրամարտ մարզաձևի ընտրության, սպորտի դժվարությունների մասին:

-Լիանա, պիտի խնդրեմ, որ սկսենք սկզբից. ե՞րբ և ինչո՞ւ եք հետաքրքրվել ծանրամարտով։
-Ի սկզբանե, սպորտը շատ եմ սիրել: Հիմա, երբ հետ եմ նայում ու հիշում եմ ինձ փոքր տարիքում, հասկանում եմ, որ իսկապես սպորտին էի սիրահարված: Իմ առաջին քայլին կողքիս եղել է պապիկս, քանի որ հենց նա էր, ով ինձ բերեց ծանրամարտի դահլիճ: Այն տարիներին հատկապես գյուղաբնակների համար հնարավորությունները շատ չէին: Մեծ խնդիր էր տեղաշարժը, ֆինանսական վիճակն էլ կայուն չէր: Բայց, փառք Աստծո, հաղթահարեցինք այդ բոլոր դժվարությունները ու հիմա այստեղ եմ, այս մակարդակին: Իմ բարեկամներից շատերն են ինձ օգնել. օգնել են ամեն ինչով՝ թե մեքենայով տեղափոխելով սպորտդահլիճ, թե պարզապես բառերով աջակցելով, ու ես շատ շնորհակալ եմ բոլորին, որ կողքիս են եղել: Իսկ բուն ծանրամարտ մարզաձևը սիրել եմ Հռիփսիմե Խուրշուդյանի ու Նազիկ Ավդալյանի շնորհիվ` նրանց տեսնելով ու ոգեշնչվելով:
-Ունե՞ք ընտանիքում սպորտով զբաղվող:
-Հայրս, նա հետաքրքրված էր կարատե մարզաձևով: Ու գիտեք, մինչև ամբողջապես ծանրամարտով մարզվելը ես նաև կարատեի ու ըմբշամարտի դահլիճներում էլ մի քանի անգամ եղել եմ`հասկանալու՝ ի՞մն են այդ մարզաձևերը, թե՞ ոչ: Հետո իսկապես «սիրտս կպավ» ծանրամարտին: Առաջին մարզիչս եղել է Ռոմիկ Դանիելյանը, ներկայիս մարզչի` Աշոտ Դանիելյանի հայրը: Ու ես անսահման շնորհակալ եմ Ռոմիկ Դանիելյանին, ով ցավոք, մեզ հետ չէ այլևս: Նա էր, որ ինձ սովորեցրեց սպորտում լինել համառ, նվիրված մարզաձևին: Նա էր, որ դրեց ամենակարևոր հիմքը՝ սկսած մարզաձևի տեխնիկական բարդություններից, վերջացրած մարդկային արժեքներով:

-Լիանա, ժամանակին ծանրամարտը չէր համարվում կնոջ մարզաձև: Հիմա, իհարկե, ժամանակները փոխվել են, ու կանայք շատ մեծ առաջընթաց ունեն այս մարզաձևում: Ի՞նչ արձագանք ստացաք ծնողներից, երբ վերջնականապես որոշեցիք զբաղվել այս մարզաձևում:
-Գիտեք, մենք ընտանիքում 4 երեխա ենք: Երեք քույր ենք ու փոքր եղբայր ունենք: Քույրերս ուսում են ստացել, ես սպորտի ուղղությամբ եմ գնացել, իսկ եղբայրս այժմ խոհարար է: Ինչ-որ շրջան նա էլ էր մարզվում ծանրամարտով: Բայց մեր ծնողների ամենամեծ հորդորը եղել է մեկ բան՝ ինչ էլ որ անեք, արեք ամենալավ ձևով: Նրանք երբեք չեն ազդել մեր որոշումների վրա, ինքներս ենք ընտրել այն, ինչ ուզում ենք:
-Գրեթե բոլորիս մոտ, մեր մասնագիտական ընտրությունում լինում է բեկումնային մի պահ, որը որոշիչ է դառնում հետագայի համար: Ձեզ մոտ եղե՞լ է արդյոք մի մրցաշար կամ մարզումային մի փուլ, որից հետո վերջնականապես հասկացել եք, որ ծանրամարտ մարզաձևը ձերն է:
-Անկեղծ լինեմ՝ առաջին իսկ պահից, երբ մտել եմ դահլիճ, ինքս ինձ խոսք եմ տվել, որ ձգտելու եմ առավելագույնին, իսկ թե այդ առավելագույնին հասնելը որքան ժամանակ կպահանջի, ցույց կտա ժամանակը: Մտքումս էլ երբեք մեկ մեդալ չի եղել, օրինակ`Եվրոպայի առաջնության ինչ-որ մեդալ: Գիտեմ, որ կարող եմ ավելին: Մինչ այս ինչի հասել եմ, հասել եմ Աստծո շնորհիվ ու ես փառք եմ տալիս նրան դրա համար: Այն, ինչին ուզում եմ հասնել, իմ փոքրիկ գաղտնիքն է, թողեք իրականություն դարձնեմ ու հետո խոսք եմ տալիս կրկին կզրուցենք:

-Խոսենք Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականից. ինչպիսի՞ն է մեր թիմն այժմ ու ի՞նչ ներուժ ունի:
-Հավաքականի ներքին մթնոլորտը իսկապես շատ լավն է: Բոլորս պատրաստ ենք իրար օգնել ամեն հարցում: Կարծում եմ, որ մի քանի տարի անց կարող ենք շատ մրցունակ թիմ ունենալ թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնություններում:
-Ո՞րն է Ձեզ համար ծանրամարտի գեղեցկությունը, որը երկրպագուների համար անտեսանելի է:
-Իրականում ծանրամարտը նուրբ մարզաձև է ու իմ կարծիքով՝ բնավորության գծերը, որոնք հատուկ են մարզիկներին, ամենակարևոր ձեռքբերումներից է ասպարեզում:

-Ծանրամարտում կարևոր է տաղա՞նդը, թե՞ աշխատասիրությունը, թե՞ երկուսի համադրությունը:
-Մեր մարզաձևում կարևոր է ամեն բան, անգամ մանրուքները: Ինչպես հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն է ասում. «Ծանրամարտը ծաղեփունջ է, և եթե մի ծաղիկ անգամ հանես`ինչ-որ բան կպակասի»: Սպորտում չկա մոտիվացիա, կա մեկ բան` կարգապահություն: Պետք է հստակ իմանալ, թե ինչի հետևից ես գնում ու ինչ է պետք դրա համար անել: Ուժեղ մարդիկ չէ, որ հասնում են հաղթանակի, այլ՝ համբերատարները:
-Փոխելով հարցերի ուղղվածությունը. եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞վ կլիներ նա:
-Տիգրան Մեծը:
-Ինչո՞ւ:
-Կցանկանայի հարցնել, թե ի՞նչն է նրան առաջնորդել Հայաստանն այդքան գերհզոր դարձնելու համար:

-Իհարկե, դեռևս շատ վաղ է այս մասին խոսել, բայց մարզիկների սպորտային կյանքը երկար չէ: Ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն սպորտը թողնելուց հետո:
-Թող հիշեն այնպիսին, ինչպիսին կամ հիմա: Թող հիշեն որպես մեկին, որը պետք է մեծ հաջողությունների հասներ:
-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ծանրորդը:
-Մարզիկներ, ում անունները կուզեի նշել, շատ են, բայց կասեմ Լաշա Տալախաձեի անունը, նախ իր նվաճումների համար ու իր համեստ, բարի ու աստվածավախ լինելու համար:
-Ո՞րն է մեծագույն արժեքը, որ գնահատում եք դիմացինի մեջ:
-Իմաստությունը:
-Ո՞ւմ եք զանգում առաջինը լավ լուր ստանալիս:
-Մայրիկիս:
-Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ ու ո՞ւմ կվերցնեիք Ձեզ հետ:
-Նախ բացառում ենք հեռախոսը, այն չենք կարող լիցքավորման դնել (հեղ. ծիծաղում է): Իսկ թե ո՞ւմ կվերցնեի, թողենք թող գաղտնիք մնա: Իսկ իրը` կարծում եմ զենք:
-Եթե տեսնեիք Աստծուն ի՞նչ կասեիք:
-Շնորհակալություն, շնորհակալություն ամեն ինչի համար:
-Լիանա, անչափ շնորհակալ եմ այսքան անկեղծ զրույցի համար:
