Տնտեսություն

Հայաստանի վրա Իրանում տիրող իրավիճակի հնարավոր ազդեցությունը բազմաշերտ է. տնտեսագետ

11 րոպեի ընթերցում

Հայաստանի վրա Իրանում տիրող իրավիճակի հնարավոր ազդեցությունը բազմաշերտ է. տնտեսագետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ-գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում վերլուծել է Հայաստանի տնտեսության վրա Իրանում տիրող անկայուն վիճակի հնարավոր ազդեցությունը, անդրադարձել է իրանական կողմի հետ համագործակցող երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրք սահմանելու ԱՄՆ նախագահի հայտարարությանը և մատնանշել ստեղծված իրավիճակում ՀՀ հնարավոր քայլերը:

Աննա Փախլյան
Աննա Փախլյան

- Իրանում ստեղծված իրավիճակը, դրա խորացումը և այդ խորապատկերում իրանական ռիալի անկումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայ-իրանական առևտրատնտեսական կապերի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության վրա:

- Հարևան երկրում տիրող լարված իրավիճակի հետագա սրացումը և իրանական ռիալի արժեզրկման հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա բազմաշերտ է. պայմանավորված է փոխկապակցված մի քանի գործոններով՝ առևտրային, արժութային, մրցակցային և մակրոտնտեսական։

Ռիալի արժեզրկումը նախ նվազեցնում է Իրանի տնտեսվարողների վճարունակությունը, ինչի հետևանքով երկիրը կարող է կրճատել ներմուծման ծավալները, այդ թվում՝ Հայաստանից: Մինչդեռ, հայաստանցի արտահանողների համար ավելի էական է դառնում գների մրցունակության խնդիրը, քանի որ ռիալով հաշվարկելիս հայկական արտադրանքի գինն աճում է՝ այն դարձնելով պակաս մրցունակ։ Միևնույն ժամանակ, Իրանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների գինը կարճաժամկետ կտրվածքով կնվազի և իրանական ապրանքների ներմուծումը կդառնա ավելի ձեռնտու, ինչը նույնիսկ կարող է հանգեցնել Իրանից ներմուծումների ծավալի որոշակի աճի։ Սակայն ստեղծված իրավիճակն, ըստ ամենայնի, կուղեկցվի մատակարարումների անկայունությամբ, վճարումների և լոգիստիկ ռիսկերի աճով։

Իրանական գործընկերների հետ աշխատող հայկական ընկերությունների համար աճում են նաև արժութային ռիսկերը։

Իրանի տնտեսության խորացող ճգնաժամը թուլացնում է այդ երկրի դերը որպես տարանցիկ և տարածաշրջանային գործընկեր՝ մեծացնելով տարածաշրջանային անկայունության ռիսկը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանում ներդրումային սպասումների վրա։ Բացի այդ, եթե Իրանը հայտնվի երկարատև տնտեսական մեկուսացման մեջ, Հայաստանը կզրկվի տնտեսության դիվերսիֆիկացման կարևոր ուղղություններից մեկից։

- Ներկայում որքանո՞վ են փոխկապակցված Հայաստանի և Իրանի տնտեսությունները, մեր տնտեսության ո՞ր ոլորտների վրա կարող են բացասաբար անդրադառնալ հարևան երկրում ապակայունացման տևական պահպանումն ու հնարավոր ցնցումները:

- Հայաստանի և Իրանի տնտեսությունները խորը ինտեգրված չեն, սակայն փոխկապակցված են մի շարք նեղ, բայց համակարգային կարևորություն ունեցող ուղղություններով: Օրինակ, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեման, որն այլընտրանք կամ փոխարինման հնարավորություն չունի։

Իրանը դիտարկվում է որպես հարավային ուղղությամբ Հայաստանի հաղորդակցության առանցք, որի ապակայունացումը կարող է կրճատել տարանցման հուսալիությունը, սառեցնել ենթակառուցվածքային նախագծերը, և, ի վերջո, թուլացնել Հայաստանի դիրքը։

Ըստ այդմ, Իրանում անկայուն իրավիճակի երկարատև պահպանումը թեպետ խոշոր ցնցում չի առաջացնի Հայաստանում, բայց կարող է հանգեցնել ոլորտային և կառուցվածքային ռիսկերի, որոնք ժամանակի ընթացքում կկուտակվեն։  

Այսպիսով, Իրանում երկարատև ճգնաժամը, թեև չի խախտի մակրոտնտեսական կայունությունը մեր երկրում, սակայն կարող է թուլացնել զարգացման մի շարք կարևոր հենասյուներ՝ էներգետիկ, լոգիստիկ և արտաքին տնտեսական դիվերսիֆիկացման ուղղություններով։

- Հայաստանում ի՞նչ ապրանքների կամ ծառայությունների պակաս կարող է առաջանալ ստեղծված իրավիճակում:  

- Հնարավոր է այնպիսի ապրանքների և ծառայությունների մասնակի և ժամանակավոր պակասորդ, որոնց մատակարարման կարևոր աղբյուր է Իրանը: Այդ երկրից Հայաստան ներմուծվող սննդամթերքի և պատրաստի այլ ապրանքների մեծամասնությունն ունի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, ուստի, եթե, անգամ, պակասորդ առաջանա՝ դա կկրի կարճաժամկետ և մասնակի բնույթ։

Իսկ ահա Հայաստանի և Իրանի միջև գործող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեման բավականաչափ ինստիտուցիոնալացված է՝ ՀՀ ներկրվող գազն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, որն էլ արտահանվում է Իրան: Այս մեխանիզմը ավտոմատացված է, սակայն Իրանում խորացող անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել գազի մատակարարման ժամանակավոր խափանումների կամ ծավալների կրճատման, տեխնիկական սպասարկման հետաձգումների, փոխհաշվարկների բարդացման։

Եթե Իրանում անվտանգության, ֆինանսական կամ ենթակառուցվածքային խնդիրները պահպանվեն, ապա հնարավոր է բեռնափոխադրումների ժամանակացույցի խախտում, ապահովագրական ծախսերի աճ, որոշ երթուղիների ժամանակավոր սառեցում։ Արդյունքում, պակասորդ կարող է առաջացնել ոչ թե ապրանքների ֆիզիկական բացակայությունը, այլ մատակարարման ուշացումները:

- Այս իրավիճակը կարո՞ղ է անդրադառնալ Հայաստանի արտահանման ցուցանիշների վրա և ինչպե՞ս:

- Իրանում ներքին տնտեսական ապակայունացումը և ռիալի արժեզրկումը սահմանափակում են իրանական շուկայի ներմուծման կարողությունը, ինչը կհանգեցնի այդ երկիր հայկական ապրանքների արտահանման ծավալների որոշակի կրճատման: Ստեղծված իրավիճակը թեև չի սպառնում Հայաստանի արտահանման ծավալների համընդհանուր կրճատմամբ, սակայն կարող է թուլացնել մեր երկրի արտահանման աճի ներուժը՝ ոչ այնքան իրանական շուկա արտահանման կրճատման հետևանքով, որքան՝ դեպի Պարսից ծոց և Մերձավոր Արևելք տարանցման հետ կապված բարդությունների առաջացման պատճառով։

- Իրանի հետ փոխգործակցող երկրների նկատմամբ 25 տոկոսի մաքսատուրք սահմանելու ԱՄՆ նախագահի որոշումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

- Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփը հաճախ է տարբեր երկրներին սպառնացել մաքսատուրքերի ավելացմամբ և դրանք սահմանել է այն պետությունների հանդեպ, որոնք կապեր ունեն ԱՄՆ հակառակորդների հետ և, նրա գնահատմամբ, «անարդարացի» առևտրային քաղաքականություն են վարում Վաշինգտոնի նկատմամբ։

Թրամփի վերջին հայտարարությունը դեռևս ամրագրված չէ որևէ պաշտոնական փաստաթղթով, և առայժմ հայտնի չեն 25 տոկոս մաքսատուրքի կիրառման մանրամասները: Մասնավորապես, պարզ չէ՝ Իրանի հետ փոխգործակցող երկրների նկատմամբ այն սահմանվելու է առկա առևտրատնտեսական կապերի ծավալին և խորությանը համարժե՞ք, թե՞ Իրանի հետ ցանկացած աննշան առևտուր բավարար է լինելու, որպեսզի այդ պետությունները լրացուցիչ մաքսատուրք վճարեն նաև ԱՄՆ-ի հետ իրականացվող բիզնես գործարքների համար: Կամ արդյոք մաքսատուրքը կիրառվելո՞ւ է միաժամանակ և՛ արտահանման, և՛ ներմուծման նկատմամբ և այլն։ Մինչդեռ, այս պայմանների հստակեցումն էապես կփոխի դրանց ազդեցության տիրույթն ու շրջանակը։

Ըստ միջազգային վիճակագրական շտեմարանների հասանելի տվյալների՝ Իրանի խոշոր առևտրային գործընկերների թվում են Չինաստանը (որին բաժին է ընկնում Իրանի արտահանման շուրջ 40%-ը), Իրաքը (13%), Արաբական Միացյալ Էմիրությունները (11%), Թուրքիան (10%), Հնդկաստանը (3․4%) և այլ երկրներ, որոնք էլ ակամայից հայտնվում են ԱՄՆ այս նոր մաքսային քաղաքականության առանցքային թիրախում։ Ստացվում է, որ Իրանի հետ սերտ փոխգործակցության համար ԱՄՆ նոր մաքսատուրքերից ամենից շատ տուժելու է Չինաստանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ է ուղղվում Իրանի արտահանման ընդամենը 0․66%-ը, սակայն Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Իրանի մասնաբաժինը համեմատաբար մեծ է։  

Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալներն ավելի սահմանափակ են, իսկ Իրանի շուկան արտահանման հիմնական ուղղություններից չէ մեր երկրի համար: 2024 թվականին Հայաստանից Իրան արտահանման ծավալը գնահատվել է 108․3 մլն դոլար, ինչը համարժեք է ՀՀ ողջ արտահանման 0․8%-ին: Հայաստանից ԱՄՆ արտահանումը նույն ժամանակահատվածում գնահատվել է 58․9 մլն դոլար կամ ընդհանուր ծավալի 0․5 տոկոսը։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից Իրան արտահանվել է 83․4, իսկ ԱՄՆ՝ 46․2 մլն դոլարի ապրանք։  

Միաժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններում Հայաստանն ավելի շատ դիրքավորված է որպես ներմուծող երկիր, սակայն ներկրման ծավալներն էլ շոշափելի չեն: Այսպես, 2024-ին ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվել 351․7 մլն դոլարի ապրանք, որը համարժեք է մեր երկրի ներմուծման ընդհանուր ծավալի 2.1%-ին: Իրանից ներմուծումը գնահատվել է 629․2 մլն դոլար կամ ընդհանուրի 3․7%-ը։

Այս պայմաններում ակնկալվում է, որ Իրանի հետ տնտեսական փոխգործակցության համար 25% մաքսատուրքի կիրառումը թույլ տնտեսական ազդեցություն կունենա Հայաստանի համար, հատկապես՝ մաքսային բեռի ուղղակի արտահայտությամբ։ Հետևապես, առավել ազդեցիկ և շոշափելի է Թրամփի հայտարարության քաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորությունը Հայաստանի համար։

- Ըստ Ձեզ, հայկական կողմը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ստեղծված իրավիճակում:

- ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ցանկանում է ուժեղ տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա: Այդ ռիսկի տիրույթ կարող է ներքաշվել ցանկացած երկիր, որը տնտեսական հարաբերություններ ունի Իրանի հետ: Անգամ այն պարագայում, երբ ԱՄՆ-ը դեռ չի հրապարակել այս քաղաքականության իրավական մեխանիզմը կամ բացառությունները։ Սա մեծացնում է անորոշությունը և հարկադրանքի զգացողությունը Հայաստանի արտաքին առևտրային քաղաքականության համար:

Թեև, հաշվի առնելով TRIPP նախագծի շրջանակում ԱՄՆ-ՀՀ ռազմավարական փոխգործակցության առարկայացումը, ամենևին էլ չի բացառվում, որ նոր մաքսատուրքերի կիրառման մասով Հայաստանը դասվի բացառությունների շարքին:

Ստեղծված իրավիճակում հայկական կողմի արձագանքը պետք է լինի զուսպ, պրագմատիկ և կանխարգելիչ, քանի որ խոսքը ոչ թե անմիջական ճգնաժամի, այլ կուտակվող արտաքին ռիսկերի միջավայրի մասին է։ Հետևաբար, նպատակահարմար է համադրել կարճաժամկետ կայունացման քայլերը և միջնաժամկետ կառուցվածքային հարմարեցումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում