Եվրոպա

Գրենլանդիա են ժամանել առաջին զինվորականները Եվրոպայից

2 րոպեի ընթերցում

Գրենլանդիա են ժամանել առաջին զինվորականները Եվրոպայից

Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է գերմանական Bild-ը։

Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնում Գրենլանդիայի շուրջ բանակցությունների անարդյունք ավարտից ընդամենը յոթ ժամ անց գիշերը Եվրոպայից Գրենլանդիա են ժամանել առաջին զինվորականները։

Հունվարի 14-ին Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները Սպիտակ տանը հանդիպում են անցկացրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Կղզու հարցի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխել չի հաջողվել։ Դրանից հետո Եվրոպայի մի քանի երկիր հայտարարել են այնտեղ զինվորականներ ուղարկելու մասին։

Bild-ի տվյալներով՝ գիշերը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում վայրէջք է կատարել դանիական բանակի Hercules ինքնաթիռը, որում եղել են նաև Ֆրանսիայից զինվորականներ։ Մեկ այլ ինքնաթիռ վայրէջք է կատարել Կանգերլուսուակում։ Հունվարի 15-ին պետք է առաջին 13 զինծառայողը ժամանի Գերմանիայից։ Ընդ որում, գործողությունը համակարգում են ոչ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում, այլ Կոպենհագենից։

Բացի այդ, ըստ թերթի, Նիդեռլանդներից, Կանադայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից և Նորվեգիայից զինվորականները արդեն պետք է ճանապարհին լինեն դեպի Գրենլանդիա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայից պահանջել է «հեռանալ» Գրենլանդիայից։ Բացի այդ, նա կոչ է արել ՆԱՏՕ-ին օգնել Վաշինգտոնին ստանալ կղզին։ Թրամփի կարծիքով՝ հակառակ դեպքում այն կարող է Ռուսաստանի կամ Չինաստանի ձեռքն ընկնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում