Իրան

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հետ

2 րոպեի ընթերցում

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտիի, ինչպես նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեռախոսազրույցների մասին տեղեկությունը հրապարակվել է Արաղչիի Telegram ալիքի գրառման մեջ։

Մասնավորապես, Արաղչին իր եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է Իրանում «արտաքին միջամտությունների և շարունակվող անկարգությունների մանրամասները»։ Նա խստորեն դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների «սադրիչ հայտարարությունները, որոնք համարվում են Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն»։ Նախարարը նաև ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ «պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը և երկրի անվտանգությունը ցանկացած չարիքից և արտաքին միջամտությունից»։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը, ափսոսանք հայտնելով Իրանում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ, ընդգծել է տարածաշրջանային երկրների միջև սերտ խորհրդակցությունների և համատեղ ջանքերի կարևորությունը՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու տեսանկյունից։

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ զրույցում Արաղչին կրկին ընդգծել է իրանցիների «վճռականությունն ու միասնությունը ցանկացած խռովության դեմ պայքարում»։ Նա նաև խստորեն դատապարտել է «ամերիկացի պաշտոնյաների միջամտական ​​և սադրիչ դիրքորոշումներն Իրանի ներքին գործերում»։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը, շեշտել է կայունություն հաստատելու և տարածաշրջանում լարվածության աճը կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այս ուղղությամբ համագործակցելու և օգնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում