Եվրոպա

Լեհաստանը մտադիր է Գրենլանդիայի հարցով միջնորդ դառնալ ԵՄ-ի, Դանիայի և ԱՄՆ-ի միջև

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը մտադիր է Գրենլանդիայի հարցով միջնորդ դառնալ ԵՄ-ի, Դանիայի և ԱՄՆ-ի միջև

Վարշավան հավակնում է Դանիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կապող օղակի դեր կատարել Գրենլանդիայի հարցով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«Լեհաստանը հանդես կգա կապող օղակի դերում ԵՄ-ի, Դանիայի և ԱՄՆ-ի միջև: Մենք կողմերին կհամոզենք համագործակցել։ Ես կցանկանայի, որ ԱՄՆ-ն այնտեղ (խմբ.՝ Գրենլանդիայում) ունենար արժանի տեղ գործողություններ իրականացնելու համար, որպեսզի նրա անվտանգությունը ոչ մի կերպ չսահմանափակվեր», - ասել է նախարարը TVN24 հեռուստաալիքի եթերում:

Հունվարի 13-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ հանդես է գալիս Դանիայի և ԱՄՆ-ի միջև Գրենլանդիայի հարցի դիվանագիտական ​​լուծման օգտին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Համաձայն դրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում