Հայ գործընկերները մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Թեհրանի համար. Իրանի դեսպանը՝ TRIPP նախագծի մասին
10 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին վստահեցնում է, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը տարբեր ոլորտներում արագ տեմպերով առաջ է գնում։ Նրա գնահատմամբ՝ տնտեսության, առևտրաշրջանառության և համատեղ իրականացվող նախագծերում փոխգործակցությունը ցայտուն կերպով երևում է։
ՀՀ-ում Իրանի դեսպանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի հարաբերությունների ներկա փուլին, երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման հավանական ժամկետներին, TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Իրանի գործընկեր երկրների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հնարավոր ազդեցությանը Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության վրա և այլ հարցերի։

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլը։
-Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Թախտ Ռավանչին օրեր առաջ Երևանում էր։ Այցի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։ Այցի հիմնական նպատակն այն էր, որպեսզի հստակեցվի և սահմանվի 2026 թվականի ընթացքում երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը։ Պլանավորելու ենք նաև ընթացիկ տարում բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը։ Այցի շրջանակում խոսվել է այն նախագծերի մասին, որոնց վրա պետք է աշխատենք, և որոնք պետք է իրականացվեն 2026 թվականին։ Այսօր ամենակարևոր հարցը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համապատասխան փաստաթղթի պատրաստումն է։ Հույս ունենք, որ այն կստորագրվի այս տարի։
Երկուստեք համագործակցությունը տարբեր ոլորտներում արագ տեմպով առաջ է ընթանում։ Տնտեսության, առևտրաշրջանառության և համատեղ իրականացվող նախագծերում փոխգործակցությունը ցայտուն կերպով երևում է։ Մենք սպասում ենք, որպեսզի ստորագրվի Քաջարանի թունելի շինարարության գործողությունների համապատասխան պայմանագիրը, քանի որ մրցույթում հաղթել է իրանական ընկերությունը։ Տարբեր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով իրականացնում ենք ուսումնասիրություններ։ Վստահ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները, որոնք ներկա փուլում հասել են շատ բարձր մակարդակի, պետք է ինստիտուցիոնալիզացվեն։

-Որպես նորանշանակ դեսպան՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու հայ-իրանական հարաբերությունները խորացնելու նպատակով։
-Անմիջական ջանքեր կգործադրեմ, որպեսզի ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը շատ օպերատիվ կերպով կյանքի կոչվի, այլ ոչ թե մնա թղթի վրա։ Փոխգործակցության ցանկացած ոլորտում համատեղ ներուժն ավելի զարգացնելու հնարավորությունները մեծ են։ Տարանցման ոլորտում նույնպես կարող ենք շատ լավ համագործակցել։ Պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որպեսզի մեր երկրների միջև երկաթուղային կապը նույնպես գործի, հիմնվեն համատեղ նոր արտադրություններ, անխոչընդոտ գործի ազատ առևտրի գոտին, որպեսզի էներգետիկայի ոլորտում լինի ավելի լուրջ համագործակցություն, խթանվի տուրիզմը և համագործակցությունը նաև գիտակրթական ոլորտում։
-Դուք նշեցիք, ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդուհանդերձ կոնկրետ ե՞րբ կարելի է ակնկալել փաստաթղթի ստորագրումը։
-Այս պահին փաստաթուղթը պատրաստվում է։ Երկու կողմերն էլ ունեն որոշ գաղափարներ։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի ամբողջականացվեն երկկողմ գաղափարները, և ի վերջո ստանանք ամփոփ տեքստ։ Կարծում ենք, որ այդ փաստաթուղթը նույնպես կստորագրվի ամենաբարձր մակարդակի երկկողմ հանդիպման ժամանակ։

-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 25 տոկոս մաքսատուրք է սահմանում այն երկրների համար, որոնք Իրանի հետ բիզնես կվարեն։ Ի՞նչ ազդեցություն կարող է սա ունենալ Հայաստանի և Իրանի տնտեսական համագործակցության վրա։ Արդյոք այս պայմաններում հնարավոր կլինի՞ մոտ ապագայում հասնել երկու երկրների սահմանած նշաձողին՝ տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրաշրջանառությանը։
-Նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ ձեռնարկում է նմանօրինակ գործողություններ։ Պաշտոնավարման առաջին շրջանում էլ նա Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրեց։ Նախագահները գալիս ու գնում են, սակայն Հայաստանի ու Իրանի միջև բարեկամությունը հարատև է։ Իրանն ունի բազմակողմանի, հզոր տնտեսություն և մեծապես սովորել է աշխատել բարդ պայմաններում։ Հենց հիմա էլ մեր գործընկերների հետ աշխատում ենք Դոնալդ Թրամփի դաժան ու ծանր պատժամիջոցների պայմաններում։ Նախևառաջ նրան կոչ ենք անում, որպեսզի վերջ տա անհեռանկարային և անշրջահայաց քաղաքականությանը։ Հայտարարում ենք նաև, որ գործընկերների հետ շարունակելու ենք համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա։ Կարևորը քաղաքական կամքն է, որն ունենք մենք և մեր գործընկերները, որպեսզի շարունակենք զարգացմանը միտված փոխգործակցությունը՝ ի հեճուկս առկա դժվար ու ծանր պայմանների։

-Ի՞նչ նորություն կարող եք հայտնել Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի շահագործման հնարավոր ժամկետների մասին և որքանո՞վ եք կարևորում այս ծրագրի կյանքի կոչումը։
-Դա Հայաստանի ու Իրանի միջև շատ կարևոր նախագծերից մեկն է։ Քանի որ Հայաստանը նույնպես ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, որը կարող է տալ Իրանին ու դրա դիմաց ստանալ գազ, ուստի տվյալ նախագծի վերջնական տեսքի բերումն ու իրականացումը կարող է շատ օգնել Իրանի հյուսիսարևմտյան նահանգներին, հատկապես էլեկտրաէներգիայի սպառման շատ բարձր պահանջի պայմաններում։ Նախագծի հետ կապված աշխատանքների մոտ 92 տոկոսն արդեն իրականացված է։ Իրանական ընկերությունը, որն այդ նախագծի կապալառուն է, ունեցել է որոշակի խնդիրներ, հետևաբար ձեռնարկեցինք համապատասխան քայլեր, որպեսզի խնդիրները վերանան, և այդ ընկերությունն էլ պարտավորված լինի ավարտին հասցնել նախագիծը։ Սա այն հարցն է, որով անձամբ շաբաթվա ընթացում երկու-երեք օր զբաղվում եմ։

-Պարոն դեսպան, երբ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության հռչակագիրը, որի կետերից մեկն էլ TRIPP նախագծի իրականացումն է, Իրանից սկզբում սուր արձագանքներ եղան, սակայն հայկական կողմի պարզաբանումներից հետո Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը հայտարարեցին, որ իրենց հիմնական մտահոգությունները հաշվի են առնվել։ Վերջերս Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Վիլայաթին, սակայն, հայտարարեց, թե Իրանը դեմ է TRIPP նախագծին և որ Թեհրանը չի կարող թույլ տալ դրա իրագործումը։ Խնդրում եմ պարզաբանել, ի վերջո ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում, արդյոք հայկական կողմի հավաստիացումներն ու պարզաբանումները բավարար չեն, որպեսզի Իրանի բոլոր մտահոգություններն այս հարցում փարատվեն։
-Նախևառաջ նշեմ, որ Հայաստանը մեզ բարեկամ երկիր է։ Երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունի վստահության բարձր մակարդակ։ Ուրախ ենք դրական քայլերի համար, որոնք արվում են Հայաստանի ապաշրջափակման ու զարգացման ուղղությամբ։ Առհասարակ ապաշրջափակման համատեքստում անհրաժեշտ է ոչ միայն Հյուսիս-Հարավի, այլև մյուս բոլոր ճանապարհների բացումը։ Այդ հարցում Հայաստանը նույնպես կարող է կարևոր դերակատարություն ունենալ։ Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է երկու ճյուղ ունենալ, մեկը Պարսից ծոցից դեպի Ռուսաստան և Հնդկաստան, մյուսը դեպի Սև ծով։ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք հայ գործընկերներին ասել ենք, որ իրենց վստահում ենք, սակայն գործ ունենք Միացյալ Նահանգների հետ։ Հայտնի է, թե ԱՄՆ-ն ինչպիսի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ, ուստի ամերիկյան կողմին չենք վստահում։ Ունենք այն մտահոգությունը, որ ԱՄՆ-ն կարող է այդ նախագիծն օգտագործել որոշակիորեն ուղղորդված քաղաքականության շրջանակում։ Այդ մտահոգությունը նույնպես փոխանցել ենք հայ գործընկերներին, ովքեր վստահեցրել են մեզ, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար։ Պայմանավորվել ենք, որ կապն ու քննարկումները կկրեն շարունակական բնույթ, որպեսզի հասկանանք նախագծի մասշտաբները։
Հայաստանի և Իրանի հարաբերությունները պատմական, քաղաքակրթական բնույթ ունեն, ձգվում են դարերի խորքը։ Դրանք ռազմավարական տեսանկյունից էլ շատ մեծ կարևորություն ունեն, ուստի ոչ մի խնդիր չպետք է հայ-իրանական հարաբերություններին մարտահրավեր նետի։ Հուսով ենք, որ Հայաստանում հաշվի կառնվեն մեր մտահոգություններն ու կփարատվեն։ Մենք շարունակաբար ուշադրության կենտրոնում ենք պահում այդ հարցը։
