Միրզոյանը պարզաբանեց՝ ինչ սկզբունքով են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև բաշխվել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մասնաբաժինները
3 րոպեի ընթերցում

ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներինը, իսկ 26% մասնաբաժինը կպահպանի Հայաստանի Հանրապետությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ տվյալ համամասնությամբ բաշխումն արդարացի է համարում:
«Դա բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները: ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, հիմնական բանը, որ Հայաստանը իր կողմից ներդնելու է, կառուցապատման իրավունքն է, բավականին արդար բաշխում է: Խոսքն առաջիկա 49 տարվա մասին է, դրանից հետո արդեն բաժնեմասերի համամասնությունը փոխվելու է և գրեթե հավասար է դառնալու»,-ասաց Միրզոյանը:
Ակնկալվում է, 49 տարի հետո համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։
Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ: