Իրավունք

Փաշինյանը իրավակարգի լեգիտիմության հաստատման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը իրավակարգի լեգիտիմության հաստատման անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության հաստատման համար իրավակարգի լեգիտիմության անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկման ընթացքում:

«Ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի, ժողովուրդը պետք է փաստացի իրավակարգի լեգիտիմությունը ճանաչի: Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ են կասկածի տակ»,- ասաց Փաշինյանը:  

Վարչապետի խոսքով՝ արդարադատության ոլորտում նաև հիմնական հասկացությունների ճշգրտման կարիք կա:

«Մեր իրականության մեջ ձևակերպվա՞ծ է ընդհանրապես՝ ի՞նչ է արդարադատությունը կամ ի՞նչ է արդարությունը, որովհետև շատ կարևոր են այս հարցերը: Բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն: Բայց կարևոր է հասկանալ՝ դրանք ինչե՞ր են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկմանը մասնակցում են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնյաներ:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում