Գրենլանդիայի հարցով Թրամփի բանագնացը հայտարարել է, որ Դանիան օկուպացրել է կղզին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցով հատուկ հատուկ բանագնաց նշանակված Ջեֆ Լենդրին, ով նաև զբաղեցնում է Լուիզիանայի նահանգապետի պաշտոնը, հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիան օկուպացրել է Գրենլանդիայի տարածքը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ի իր էջում նա մասնավորապես նշել է․«Պատմությունը կարևոր է։ ԱՄՆ-ն պաշտպանել է Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Դանիան չէր կարող դա անել։ Պատերազմից հետո Դանիան կրկին օկուպացրեց այն՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը»։
History matters. The U.S. defended Greenland’s sovereignty during WWII when Denmark couldn’t. After the war, Denmark re-occupied it—side stepping and ignoring UN protocol.
— Jeff Landry (@JeffLandry) January 11, 2026
This should be about hospitality, not hostility. @realDonaldTrump https://t.co/4ihLChy1bO
Ամերկյան CBS News-ի տեղեկություններով՝ այս շաբաթ Թրամփի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով հանդիպելու են Դանիայի ներկայացուցիչների հետ։
Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Թրամփը հետաքրքրված է գնելու դանիական տարածքը։ Սպիտակ տնից բազմիցս հայտարարել են, որ դիտարկում են Գրենլանդիան ձեռք բերելու տարբեր տարբերակներ, այդ թվում և զինված ուժի միջոցով։
Թեմայի մասին հունվարի 11-ին կրկին խոսել էր նաև նախագահ Թրամփը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա դա կարող են անել Ռուսաստան կամ Չինաստանը, ինչն ինքը թույլ տալ չի կարող։ «Ես կուզեի նրանց (խմբ․- Գրենլանդիայի) հետ գործարք կնքել։ Դա ավելի հեշտ կլիներ։ Բայց այս կամ այն կերպ մենք ստանալու ենք Գրենլանդիան։ Եթե դա մեզ չհաջողվի հեշտ տարբերակով, ապա կանենք բարդ տարբերակով»,- ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը։
Դանիայի իշխանությունները, արձագանքելով Գրենլանդիայի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններին, բազմիցս հիշեցրել են, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները։