Իրան

ԵՄ-ն կոչ է արել Իրանի իշխանություններին վերականգնել ինտերնետի հասանելիությունը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կոչ է արել Իրանի իշխանություններին վերականգնել ինտերնետի հասանելիությունը

ԵՄ-ն կոչ է անում Իրանի իշխանություններին վերականգնել ինտերնետի հասանելիությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար ալ Անունին։

«Մենք համառորեն կոչ ենք անում Իրանի իշխանություններին պահպանել խոսքի ազատության ու խաղաղ հավաքների իրավունքները, ինչպես նաև վերականգնել ինտերնետի հասանելիությունը», - ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Բրյուսելում ուշադիր հետևում են իրադրության զարգացմանը և մտահոգություն են հայտնում այդ առնչությամբ։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Հաղորդվել է զոհերի մասին թե՛ ուժայինների, թե՛ ցուցարարների շրջանում: Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ից 45-ի։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Ցույցերի ֆոնին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում