Միացյալ Նահանգներ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին  առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին  առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն առաջնահերթ խնդիր է համարել Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և հարգալից հարաբերությունները և Վաշինգտոնին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ։

«Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտության վրա: Այս սկզբունքներն են ուղղորդում մեր դիվանագիտությունն աշխարհի մնացած երկրների հետ մեր փոխգործակցության հարցում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։

Նա ԱՄՆ-ին առաջարկել է «համատեղ աշխատել համագործակցության օրակարգի շուրջ՝ միտված համատեղ  զարգացմանը»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։

Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելան կողմնակից է «խաղաղությանը և խաղաղ համակեցությանը» և ցանկանում է ապրել «առանց արտաքին սպառնալիքների»: «Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդները և մեր տարածաշրջանն արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի: Սա եղել և մնում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը, և սա է ամբողջ Վենեսուելայի դիրքորոշումն այս պահին», - հավելել է նա։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում