11 րոպեի ընթերցում
«Արմենպրես»-ն առանձնացրել է աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում առանցքային բարեփոխումները, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանության կողմից ոլորտի վերաբերյալ ընդունված կարևորագույն որոշումները, որոնցով նշանավորվեց անցնող տարին։
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագիր
«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը վերջին երեք և ավելի տարիների ընթացքում դասակարգվել են որպես անհուսալի, և որոնց մայր գումարի պարտավորությունը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունն իրականացվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով, որը փոխանցվում է վարկային պարտավորության մարմանը։ Ծրագրի տևողությունն առավելագույնը 24 ամիս է։
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրն ընդլայնվել է նոր բնակավայրերով
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր։
Կառավարությունը բնակարանի վարձակալության համար երկարաժամկետ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից տեղահանված ընտանիքների առանձին խմբերի
Կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն է տրամադրվում Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող ընտանիքների առանձին խմբերի։
Մասնավորապես, բնակարան վարձակալելու համար երկարաժամկետ և կայուն աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից։ Նախարարությունն առաջարկում է աջակցություն տրամադրել նաև Ղարաբաղից տեղահանված այն ընտանիքներին, որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:
Անկանխիկ առևտրից կենսաթոշակառուների հետվճարի առավելագույն չափը գալիք տարվանից կդառնա 10 հազար դրամ
Գալիք՝ 2026 թվականից հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ը կավելանա և կսահմանվի 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10000 դրամ։
Ըստ այդմ՝ հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։
Քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճար կստանան
Հայաստանում 2026 թվականից կներդրվի անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար այս տարի իրականացվել է զբաղվածության ապահովման 670 ծրագիր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակներում 2024-2025 թվականների ընթացքում իրականացվել է 2469 ծրագիր։ Ընդ որում՝1799-ն իրականացվել է 2024 թվականին, իսկ 670-ը՝ 2025-ի ընթացքում։
Բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչից: Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթաց, որի ընթացքում վերջինիս վճարվում է ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսուցման վարձի փոխհատուցման համար, բացի այդ տրվում է ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի ու շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր. այս դեպքում գործատուին պետք է տրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամ, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։
Նախատեսվում է աջակցություն անապահով շահառուներին աշխատանք առաջարկող գործատուներին
ՀՀ կառավարությունը նախատեսել է աջակցություն այն գործատուներին, ովքեր պատրաստ են աշխատանքի ընդունել անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված շահառուներին։
Ծրագիրը նախատեսում է աջակցություն երեք ուղղությամբ՝ ուսուցում և աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում և շարունակական աշխատանք, պարզապես աշխատանքի ընդունում։
Առաջին՝ եթե գործատուն նախ ուսուցում է կազմակերպում շահառուի համար, ապա պետությունը կփոխհատուցի մինչև 250,000 դրամ կրթական ծախսերը, և վեց ամսով կփոխհատուցի աշխատավարձից հաշվարկվող հարկերն ու պարտադիր վճարները՝ ամսական մինչև 50,000 դրամի չափով։
Երկրորդ՝ երեք ամսվա ընթացքում գործատուն կարող է շահառուին տրամադրել պրակտիկա, որի համար կստանա աշխատավարձի ամբողջական փոխհատուցում՝ ամսական 165,000 դրամի չափով (ներառյալ հարկերը), դրան հաջորդող երեք ամիսներին կտրամադրվի մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկային վճարների փոխհատուցման համար։
Երրորդ՝ եթե շահառուն ընդունվում է աշխատանքի առանց վերոնշյալ փուլերի՝ 6-11 ամսվա պայմանագրի դեպքում կտրամադրվի աշխատավարձի 50 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի քան 50,000 դրամ ամսական, 12 և ավելի ամսվա պայմանագրի դեպքում՝ աշխատավարձի 70 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի քան նվազագույն ամսական աշխատավարձը՝ 75,000 դրամ։
Սահմանամերձ բնակավայրերում տներ կառուցելու պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ որոշակի պայմաններով կվերաբացվի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախարարի խոսքով՝ 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ կան բնակավայրեր, որտեղ շատ բնակարաններ են կառուցվել, իսկ որոշներում՝ փոքրաթիվ։ Ուստի, այսուհետ համաչափ զարգացում ապահովելու նպատակով ուշադրություն է դարձվելու այն բնակավայրերին, որտեղ այդ ծրագրից օգտվողները քիչ են եղել։
2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի հերթականությունից։
Ներկայում միանվագ նպաստը տարբեր է․300 000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում, 1 000 000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի համար, 1 500 000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում։
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, որպեսզի չազդի այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա։
Անապահովության գնահատման նոր համակարգ
Անապահովության գնահատման նոր համակարգը 2025 թ. մարտի 17-ից պիլոտային կարգով արդեն իսկ գործարկվել է ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Համակարգով՝ գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունք կտրվի այն ընտանիքներին, որոնց մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից, այսինքն՝ պարենային զամբյուղի արժեքից:
Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց պարտադիր ակտիվացումը կամ աշխատանքի տեղավորումը:
Ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով: Դրանից էլ կախված՝ ընտանիքին հասանելի սոցիալական ծառայությունների փաթեթներ են տրամադրվելու: Դրանք կարող են լինել նպաստի տեսքով, եռամսյա աջակցության, կոմունալ, կրթական ծառայությունների, առողջապահական ոլորտի որոշակի արտոնություններ և այլն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անցնող տարում հայտարարեց, որ Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է
«Ֆեյսբուք»-ում նրա գրառման համաձայն՝ Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ: Նրա խոսքով՝ ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ:
Ըստ նախարարի՝ այսպիսով, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցվել են աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները։