Իրավունք

ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու և գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև»,-«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում