Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ
1 րոպեի ընթերցում

Նախօրեին ձերբակալված Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ»,– հայտնեցին կառույցից։
Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, նաև՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։
Վերոնշյալ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար: