Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Նիգերիայում հարվածներ է հասցրել ԻՊ ահաբեկիչներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Նիգերիայում հարվածներ է հասցրել ԻՊ ահաբեկիչներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրամանով ամերիկացի զինվորականները Նիգերիայի հյուսիս-արևմուտքում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Այսօր իմ հրահանգով՝ որպես գերագույն հրամանատար, Միացյալ Նահանգները Նիգերիայի հյուսիս-արևմուտքում հուժկու և մահացու հարվածներ է հասցրել ԻՊ-ի ահաբեկիչներին, որոնք թիրախավորում և դաժանաբար սպանում են, առաջին հերթին, անմեղ քրիստոնյաների այնպիսի մասշտաբներով, ինչպիսիք չեն եղել տարիներ, նույնիսկ դարեր շարունակ», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ նախազգուշացրել էր՝ եթե ահաբեկիչները չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ապա թանկ կվճարեն դրա համար։

«Պատերազմի նախարարությունը հասցրել է բազմաթիվ գերազանց հարվածներ, ինչպիսիք կարող է հասցնել միայն Միացյալ Նահանգները։ Իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա արմատական ​​իսլամական ահաբեկչության բարգավաճում», - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը:

Ի դեպ, գրառման վերջում նա ուրախ Սուրբ ծնունդ է մաղթել բոլորին, «այդ թվում սպանված ահաբեկիչներին»։

Նիգերիայի արտգործնախարարությունն իր հերթին հաստատել է, որ երկրի իշխանություններն ԱՄՆ-ի հետ անվտանգության և հետախուզության ոլորտներում համագործակցությամբ հարվածել են ահաբեկչական թիրախների։ Գերատեսչությունը նշում է, որ Նիգերիայի կառավարությունը շարունակում է սերտորեն համագործակցել իր գործընկերների հետ՝ թուլացնելու ահաբեկչական ցանցերը, խաթարելու նրանց ֆինանսավորումն ու լոգիստիկան և կանխելու անդրսահմանային սպառնալիքները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում