Միացյալ Նահանգներ

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ում հանդիպումներից հետո փաստաթղթերի նախագծեր են պատրաստվել

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ում հանդիպումներից հետո փաստաթղթերի նախագծեր են պատրաստվել

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը վերադարձել են Մայամիից և մանրամասն զեկուցել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ շաբաթավերջին կայացած հանդիպումների արդյունքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Մենք արդյունավետորեն աշխատել ենք (ԱՄՆ) նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ, և այժմ պատրաստվել են մի քանի փաստաթղթերի նախագծեր։ Մասնավորապես, կան փաստաթղթեր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, վերակառուցման և այս պատերազմը դադարեցնելու հիմնական շրջանակի վերաբերյալ», - գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Կիևը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը։

«Եվ կարևոր է, որ դիվանագիտությունը միշտ համաքայլ գնա Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշման և Ուկրաինային անհրաժեշտ աջակցության հետ։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի յուրաքանչյուր հարված և ռազմաճակատում ռուսական ինտենսիվ հարձակումներն ապացուցում են, որ պատերազմը դադարեցնելու Ուկրաինայի ցանկությունը զգալիորեն գերազանցում է Ռուսաստանի ցանկությունը, և դա պետք է շտկվի ագրեսորի վրա միջազգային ճնշման ուժեղացմամբ», - հավելել է նա։

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում