Արթիկի համայնքապետարանը համալրվել է նոր տեխնիկա-սարքավորումներով
1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության «Խոցելի համայնքների կենսաապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի շրջանակում Արթիկի համայնքապետարանը նոր տեխնիկա-սարքավորումներ է ստացել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արթիկի համայնքապետարանից, տրամադրվել է մեկ «Lovol» մակնիշի մինիտրակտոր, երկու ունիվերսալ մոտոկուլտիվատոր, երկու խոտհնձիչ։ Համայնքապետարանին տրամադրվել են նաև օժանդակ սարքավորումներ՝ ունիվերսալ կցամասեր և հրիչներ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, կարևորելով համայնքապետարանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունն, ընդգծել է, որ նման ծրագրերը նպաստում են տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ տրամադրված տեխնիկան էականորեն բարելավելու է համայնքում կոմունալ ծառայությունների մատուցման որակը։
Տրամադրված բոլոր տեխնիկա-սարքավորումները կփոխանցվեն «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ին։