Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբանը նախազգուշացնում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի դեմ տեղեկատվական գրոհի մասին

2 րոպեի ընթերցում

Քաղաքական վերլուծաբանը նախազգուշացնում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի դեմ տեղեկատվական գրոհի մասին

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացմանն ընդառաջ նախազգուշացնում է կարգավորման գործընթացի դեմ քարոզչական գրոհի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրում է, որ Հայաստանի դեմ ընթացող տեղեկատվական հարձակումների շրջանակում (հաճախ բնութագրվում է նաև՝ որպես «հիբրիդային պատերազմ») անցած օրերին տարածվել է ակնհայտորեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին խոչընդոտելուն միտված հրապարակում, որը շրջանառվում է նաև հայաստանյան լրատվամիջոցներում։

«Այն վերաբերում է Հայոց Եկեղեցու ապագա առաջնորդի թեմային, որի թեկնածության որոշման հարցը, ըստ հրապարակումների, «կկայացնի ոչ թե Էջմիածինը՝ Հայաստանի կրոնական կենտրոնը, այլ Անկարան և Ստամբուլը»։ Ակնհայտ է, որ շուրջ 3 տարի շարունակվող Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի շրջանակում ամենաշոշափելի քայլի՝ սահմանի մասնակի հնարավոր բացմանն ընդառաջ (այս օրերին բովանդակային անհրաժեշտ միջոցառումներ են ընթանում սահմանի Թուրքիայի հատվածում)՝ հենց ներկայում, Հայաստանի ներքին կյանքում ամենազգայուն թեմայի՝ նման շեշտադրումներով տարածումը կարող է բխել բացառապես այն դերակատարների շահերից, որոնք դեմ են կարգավորմանը»,-շեշտում է նա։

Ըստ Պետրոսյանի՝ հրապարակման սկզբնաղբյուրի ուսումնասիրությունը մատնանշում է որոշ կանխատեսելի վեկտորներ։

«Aydınlık թերթը սերտորեն կապված է թուրքական «Վաթան» (Vatan) կուսակցության և նրա տխրահռչակ հակահայ առաջնորդ Դողու Փերինչեքի գաղափարական հարթակի հետ։ Թերթը հաճախ արտահայտում է տեսակետներ, որոնք համընկնում են ռուսական, իրանական կամ չինական քաղաքական օրակարգերի հետ և քննադատում են Արևմուտքի դերակատարությունը տարածաշրջանում։  Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, հարթակի աշխատանքը համակարգող Փերինչեքի որդին ապրում և աշխատում է Ռուսաստանում...»,-եզրափակում է վերլուծաբանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում