Եվրոպա

Դանիան հորդորել է ԱՄՆ-ին հարգել իր տարածքային ամբողջականությունը

2 րոպեի ընթերցում

Դանիան հորդորել է ԱՄՆ-ին հարգել իր տարածքային ամբողջականությունը

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ բոլորը, այդ թվում և Միացյալ Նահանգները, հարգեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ բանագնաց նշանակեց Գրենլանդիայի հարցով։

ԱՄՆ նախագահը վերջին ամիսներին բազմիցս հանդես է եկել դանիական տարածք համարվող Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու նախաձեռնությամբ։ 

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կարճ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Գրենդլանդիայի հարցերով հատուկ բանագնացի նշանակումը վկայությունն է դանիական տարածքի նկատմամբ ամերիկյան կողմի շարունակվող հետաքրքրության։ 

«Այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պետք է հարգանք ցուցաբերեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ», - հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։ «Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը»,- գրել էր ԱՄՆ ղեկավարը Truth Social-ում։

Լենդրիին իր հերթին X-ում արած գրառմամբ շնորհակալություն է հայտնել նշանակման համար՝ նշելով․ «մեծ պատիվ է ծառայել Ձեզ այս կամավոր պաշտոնում՝ դարձնելու Գրենլանդիան ԱՄՆ մաս»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում