Ընթացիկ տարվա օգոստոսից Երևանի ներհամայնքային տրանսպորտում իրականացված հսկողության արդյունքում տուգանվել է ավելի քան 1470 անձ
1 րոպեի ընթերցում

Երևանի ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ այս տարվա օգոստոսից ավելի քան 1470 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
«Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում իրականացված հսկողության արդյունքում զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կայացվել է 1473 տուգանքի որոշում, որից 1107-ն առանց տոմսի երթևեկելու, 99-ը այլ անձի արտոնությունից օգտվելու, իսկ 267-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար»,- ներկայացրեց Բաբայանը։
Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու տուգանքը 15 հազար դրամ է։ Այն դեպքում, եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն՝ իրական օգտվողի փոխարեն, տուգանքը կրկին 15 հազար դրամ է, իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսեկան վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, տուգանքի չափը 3 հազար դրամ է