Հնդկաստան՝ երազանքների, ավանդույթների և նորարարությունների երկիր. ճանաչողական այցի տպավորությունները
8 րոպեի ընթերցում

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի
Հնդկաստանը մի երկիր է, որտեղ հին քաղաքակրթությունն ու ապագայի ձգտումները ներդաշնակ կերպով գոյակցում են։ Երկրի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված այցը հնարավորություն տվեց մշակույթի, երկխոսության և առօրյա կյանքին հետևելու միջոցով անմիջականորեն տեսնելու այդ համադրությունը։
Տիեզերքը՝ բոլորի համար
Տիեզերքն այլևս միայն գերտերություններինը չէ, հարկավոր է «բացել տիեզերքը բոլորի համար». այս միտքն էր գերակայում Հայդարաբադում՝ Skyroot Aerospace-ում։ 2018 թվականին հիմնադրված ընկերությունն ընդամենը յոթ տարում դարձել է աշխարհի արագ զարգացող տիեզարական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը: Skyroot Aerospace-ի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սումիլ Սուդհակարանը պատմում էր, թե ինչպես է Հնդկաստանն աշխատում տիեզերքն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ, հատկապես փոքր երկրների համար։
Եվ այդ փոքր երկրներից մեկն էլ եղել է Հայաստանը։ Սուդհակարանը հիշեցրեց, որ 2022 թվականին արձակված Vikram-S հրթիռի վրա եղել է նաև հայկական փորձարարական բեռ։ Դա հայկական դրոշը կրող, հայ դպրոցականների կողմից նախագծված 197-գրամանոց սարք էր, որը մի շարք չափումներ է իրականացրել։ Այդ արձակումը հստակ ցույց է տալիս, որ տիեզերքն իսկապես կարող է «բացվել բոլորի համար», և Հնդկաստանն այն երկիրն է, որտեղ նման նպատակները կարող են իրական դառնալ։

Լուսանկարը տրամադրել է Skyroot Aerospace-ը
Հնդկաստանը, սակայն, տիեզերական ծրագրերից զատ ունի մեկ այլ հավակնոտ նպատակ՝ դառնալ զարգացած երկիր մինչև 2047 թվականը՝ պետության անկախության 100-ամյակը։ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի, այդ թվում՝ «Արմենպրես»-ի լրագրողները Հնդկաստան էին մեկնել՝ պաշտոնական հանդիպումների և մշակութային այցերի միջոցով հասկանալու, թե ինչպես է երկիրը շարժվում դեպի իր առջև դրված նպատակները։
Անդադար շարժման մեջ գտնվող քաղաքներ
Առաջին հայացքից ամեն ինչ քաոսային էր թվում։ Գիշերվա ժամը չորսին Նյու Դելիում մեծ աշխուժություն էր տիրում. մեքենաները շարժվում էին բոլոր ուղղություններով, ազդանշանները չէին դադարում, մարդիկ ինչ-որ տեղ էին շտապում, կարծես, օրը վաղուց սկսված լիներ։ Թվացյալ այս քաոսի մեջ, սակայն, ամեն ինչ առաջ էր շարժվում անխափան։ Նյու Դելիում գտնվելու մի քանի օրվա ընթացքում վթարների ականատես չեղանք։
Հայդարաբադում պատկերն այլ էր՝ երթևեկությունն ավելի կանոնակարգված էր, ինչին նպաստում է նաև մետրոյի զարգացած համակարգը. 2017 թվականին հիմնադրված մետրոպոլիտենն արդեն 57 կայարան ունի և դարձել է քաղաքի առօրյայի անբաժան մասը։
Նյու Դելին նաև զարմացրեց իր հակասություններով՝ շքեղ պետական շենքերի կողքին՝ խիտ բնակեցված թաղամասեր, վեհաշուք հյուրանոցների կողքին՝ ժամանակավոր կացարաններ։ Բայց հենց այս հակասություններն են քաղաքին յուրահատուկ գույն հաղորդում։ Մարդիկ այստեղ աշխատում են և առաջ շարժվում՝ անկախ պայմաններից։

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի
Իսկ Հայդարաբադում, որը հաճախ անվանում են «Մարգարիտների քաղաք», անցյալն ու ապագան, ասես, միաձուլված լինեին։ Հին հուշարձանները, մշակույթն ու ավանդույթները համաքայլ ընթանում են նորարարությունների, տեխնոլոգիական զարգացման և ապագայի հավակնոտ ծրագրերի հետ։

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի
Եթե Դելին սովորեցնում է ապրել անդադար շարժման մեջ, իսկ Հայդարաբադը՝ արմատների վրա հենվելով մտածել ապագայի մասին, ապա Ագրան ստիպում է կանգ առնել։ Քաղաքի զարդը՝ Թաջ Մահալը, պատմում է սիրո, տխրության և կորստի պատմություն։ Դամբարանն, ասես, «խոսում» է լույսի հետ՝ օրվա տարբեր ժամերի տարբեր գույներ ստանալով։ Այն հսկայական կոթող է, որը ստիպում է մտածել նաև, ընդհանուր առմամբ, Հնդկաստանի ահռելի մասշտաբների ու մշակութային հարստության մասին։

Հնդկաստանի մասշտաբներն ու բազմազանությունը
Հնդկաստանի մասին խոսելիս թվերից խուսափել հնարավոր չէ։ 1,4 միլիարդ բնակչությամբ այն աշխարհում առաջինն է, տարածքով՝ յոթերորդը։ Հնդկաստանը նաև ամենաբազմազան էթնիկական կազմ ունեցող երկրներից մեկն է. այստեղ ապրում է շուրջ 2000 էթնիկ խումբ։ Երկիրն ունի 22 պաշտոնական լեզու, տասնյակ ոչ պաշտոնական լեզուներ։
Պաշտոնյաների հետ զրույցներում ընդգծվում էր մեկ այլ փաստ՝ աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը հանդիսացող Հնդկաստանը նաև մոլորակի ամենաերիտասարդ երկրներից մեկն է՝ բնակչության միջին տարիքը 29 տարեկանն է։ Ընդ որում, երկրի բնակչության 65%-ը 35 տարեկանից ցածր է։
Այս մասշտաբները հատկապես շոշափելի դարձան մեր խմբի համակարգող, արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Ռավինդրա Կումարի հետ զրույցում։ Նա պատմեց, որ երկու տարի առաջ դիմել էր պետական համակարգում բացված մի քանի հարյուր միջին և կրտսեր թափուր պաշտոններից մեկի համար՝ մրցակցելով 3,8 միլիոն այլ դիմորդների հետ։ Այս թիվը գերազանցում է Հայաստանի ամբողջ բնակչությունը և լավագույնս արտացոլում, թե ինչ է նշանակում մասշտաբը Հնդկաստանի իրականությունում։
Միևնույն ժամանակ հետաքրքիր էր մեր խմբի մյուս համակարգողի՝ Ուջվալ Գիրիի դիտարկումը։ Այն, որ նա իր ընտանիքի միակ զավակն էր, շատերիս զարմացրեց։ Սակայն Ուջվալը նշեց՝ մայրաքաղաքում ու մեծ քաղաքներում ընտանիքները նախընտրում են մեկ երեխա ունենալ։ Ընտանիքները բազմանդամ են գյուղական շրջաններում, ինչը նաև պայմանավորված է աշխատուժի անհրաժեշտությամբ։
Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի
Հնդկաստանի սիրտը՝ մարդիկ
Այս հսկայական երկիրը շարժող ուժը մարդիկ են՝ թերևս, Հնդկաստանի ամենամեծ հարստությունը՝ ջերմ, աջակցող, հյուրընկալ։ Հատկապես տպավորիչ էր այն հպարտությունն ու նվիրումը, որով նրանք վերաբերվում են իրենց աշխատանքին ցանկացած ոլորտում՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյայից մինչև վարորդ։ Նրանք, ասես, հավատացած են, որ յուրաքանչյուր անհատի ներդրումը մեծ կարևորություն ու նպաստ ունի ընդհանուր գործում։

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի
Մարդիկ իրենց ջերմությամբ նույնքան տպավորիչ էին, որքան նրանց գունագեղ ու գեղեցիկ հագուստը և համեղ սնունդը։ Յուրաքանչյուր ուտեստ, ասես, համերի հրավառություն լիներ՝ բազմաշերտ, ախորժելի և հաճախ շատ կծու։ Հնդիկները մեծ հպարտությամբ են վերաբերվում նաև իրենց բազմազան խոհանոցին, խորհուրդ տալիս ճաշակել իրենց զանազան ուտեստներն ու նոր զգացողություններ ստանալ։
Այս այցը ցույց տվեց, որ Հնդկաստանն ավելին է, քան թվեր ու հուշարձաններ. այն կարելի է հասկանալ՝ այնտեղ այցելելով, մարդկանց հետ շփվելով, հետևելով առօրյա ռիթմին ու «համտեսելով»։

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի
