Գյումրիում 15 մլն դրամ կուղղվի մանկապարտեզների հրատապ վերանորոգմանը
2 րոպեի ընթերցում

Գյումրի համայնքի բյուջեի տնտեսված միջոցներից շուրջ 15 մլն դրամ կուղղվի քաղաքի հրատապ լուծում պահանջող մանկապարտեզների վերանորոգմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու ավագանին դեկտեմբերի 19-ի նիստում, որպես լրացուցիչ հարց, քննարկեց «Մեր քաղաքը» խմբակցության առաջարկը՝ նշված գումարը հատկացնել հինգ մանկապարտեզների նորոգման աշխատանքներին։ Ինչպես նշեց խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը, խոսքը վերաբերում է հրատապ խնդիրներին՝ սանհանգույցների և տանիքների վերանորոգմանը, ցանկապատերի կառուցմանը և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը։ Հարցը ավագանու կողմից ընդունվեց միաձայն։
Միաժամանակ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստի ընթացքում առաջարկեց համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար։
«Կառավարությունը հաջորդ տարի Գյումրիին կտրամադրի 437 մլն դրամի չափով հավելյալ դոտացիա, ինչը հնարավորություն կտա լիարժեք իրականացնել այս առաջարկը։ Ներկայումս մանկապարտեզ հաճախող 2500 երեխաներից գանձվող տարեկան վարձավճարի ընդհանուր չափը կազմում է շուրջ 120 մլն դրամ։ Արդյունքում կավելանա մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, հատկապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաների համար կստեղծվի նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու հնարավորություն»,-նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը կներկայացվի ավագանու առաջիկա նիստերի քննարկմանը։