10 րոպեի ընթերցում
Ֆրանսիական զարգացման գործակալությունը (ԶՖԳ-AFD) «Երևան Պլազա» հյուրանոցում բացեց իր նոր գրասենյակը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԶՖԳ-ի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորը և հայ պաշտոնյաներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶՖԳ խումբը, որը գործում է Հայաստանում 2013 թվականից, ֆինանսավորում է հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մշակված նախագծեր, որոնք միտված են կլիմայի փոփոխության դեմ պայքարին և արդար ու ներառական անցումների աջակցմանը։
Գործակալության աշխատանքը կենտրոնանում է բնական պաշարների կայուն կառավարման և պահպանման, էներգետիկ անցման, հանրային ֆինանսների կառավարման և քաղաքային ծառայությունների բարելավման ուղղությամբ։ ԶՖԳ խումբը Հայաստանում գործում է «Կանաչ և ներառական աճի» մանդատի շրջանակում, ֆինանսավորում է զարգացման նախագծերը վարկերի և դրամաշնորհների միջոցով։
Նշված կառույցն ուղեկցում է Հայաստանին նրա զարգացման առաջնահերթություններում՝ աշխատելով սրտացավ և պահանջկոտ գործընկերների հետ։ Ուստի պատահական չէ, որ փոխգործակցությունը կառուցվել է վստահության, երկխոսության և սերտ համագործակցության ոգով։ ԶՖԳ-ն 2013 թվականից ի վեր Հայաստանին հատկացրել է 555 միլիոն եվրո վարկ և մոտ 30 միլիոն եվրո աջակցություն, որի 23.5 միլիոնը տրամադրվել է Եվրոպական միության կողմից։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ ԶՖԳ-ի հետ հայկական կողմի բազմամյա աշխատանքը հենված է բավականին ամուր հիմքերի վրա, և գրասենյակի բացումը ցույց է տալիս Ֆրանսիայի վստահությունը Հայաստանում ընթացող գործընթացների և բերափոխումների նկատմամբ։
«Սա ևս մեկ ապացույց է արդյունավետ համագործակցության ձևաչափի առավել ընդլայնման, որովհետև մեր գնահատմամբ՝ ԶՖԳ-ի գրասենյակի բացումը Երևանում ոչ միայն ունի զուտ խորհրդանշական արժեք, այլև հնարավորություն կտա որոշակիորեն արագացնել այն գործընթացերը, որոնք կբերեն արդյունավետության բարձրացմանը համատեղ նախագծերում։ Ցանկանում ենք, որ տվյալ գործակալության հետ աշխատանքը գրասենյակի բացմամբ թևակոխի մի նոր փուլ՝ առավել ամրապնդված և ի փառս, ի բարօրություն Հայաստանի ժողովրդի»,- ասաց Մկրտչյանը։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նկատեց, որ կան հաստատություններ, որոնք սկսում են բացել գրասենյակներ աշխատելուց առաջ, և կան այնպիսիք, որոնք սկսում են աշխատել գրասենյակ ունենալուց առաջ։ Ըստ նրա՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանում երբեք այսչափ ներկա և այսչափ ակտիվ չի եղել, ինչպես այսօր։
«Սկսենք այն փաստից, որ նրա ներդրումը Հայաստանում 555 միլիոն եվրո է, և կարող ենք ասել, որ վերջին տարիների ընթացքում այն կրկնապատկվել է։ Սա Ֆրանսիայի նախագահի աձակցությամբ թիմային աշխատանք է։ Նրա ցանկությունն էմ որ աջակցությունը Հայաստանին լինի կայուն, շարունակական և անվերապահ։ ԶՖԳ-ն այս հրահանգն ընդունել է ամենայն լրջությամբ։ Եվ ես կարող եմ փաստել, որ այս թիմը պատրասատ է աշխատել և լինել ձեր կողքին կայուն շարունակական և անվերապահ կերպով։ Այս պարտավորությունը, այս թվերը նաև վկայում են այն մասին, որ Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են։ Վեդիի ջրամբարը, որը շուտով հանդիսավոր կերպով կբացվի, ասվածի փաստումն է»,- ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ դա մեր երկրում ամենամեծ ջրամբարն է, նմանտիպ ամենամեծ ենթակառուցվածքը, որը ստեղծվել է մի տարածաշրջանում, որի ռազմավարական դիրքի կարևորությունը ակնհայտ է։
«ԶՖԳ-ն Հայաստանում կայուն գործով է զբաղվում։ Խոսքը շատ կոնկրետ, շոշափելի ծրագրերի մասին է՝ գյուղատնտեսության զարգացում, կլիմայական փոփոխության ոլորտում պետական բարեփոխումների աջակցություն։ Սրանք միջոցներ են, որոնք ներդրվում են բարեկամ երկրում, և գործիքակազմ, որն իր կշիռն ունի աշխարհաքաղաքական այս պայմաններում։ Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց ՀՀ իշխանությունների օգնության։ Մենք միասին աշխատում ենք երկրի բարօրությանը միտված նպատակների իրականացման համար։ Իհարկե, հնարավոր չէր լինի հասնել այս հանգրվանին՝ առանց միջազգային հաստատությունների հետ համագործակցության»,- ասաց Դըկոտինյին։
Դիվանագետի դիտարկմամբ՝ ԶԳՖ-ի ծրագրերը հաճախ բարդ կառուցվածք ունեն։ Դեսպանի պատկերավոր խոսքով՝ կարծես ֆիլմ է ատեղծվում․ ԶԳՖ-ն «գրում» է երաժշտությունը, Եվրամիության պատվիրակությունը «տեսանկարահանում» է, իսկ Եվրասիական զարգացման բանկը «սցենարն է գրում»։ Միասին շատ գեղեցիկ «ֆիլմ» են ստանում՝ հայերեն ձայնային կրկնօրինակմամբ։
«Իհարկե, հնարավոր չէր լինի այս տպավորիչ հաջողությանը հասնել առանց ԶՖԳ թիմի՝ Երևանում ներկաների, տարածաշրջանի պատասխանատուների և գլխավոր գրասենյակի աշխատակիցների»,- եզրափակեց Դըկոտինյին։
ԶՖԳ-ի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորն էլ իր ելույթում նշեց, որ իրենք հպարտ են ձեռք բերված արդյունքներով։
«Վեդիի ջրանցքը՝ մեր համագործակցության առանցքային նախագիծը, վերջնականապես ավարտին է մոտենում, և «Հայաստան․ ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում գյուղացիներին ցուցաբերվող աջակցությունը շուտով կսկսվի։ Մեր ծրագրերն իրականացվում են Ազգային Հիփոթեքային Ընկերության հետ, որոնց շնորհիվ մոտ 17 000 ընտանիք ստացել է ֆինանսավորում բնակարանների վերանորոգման համար։ Կարևոր բարեփոխումներ են իրականացվել նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտում, հատկապես մեր գործընկերոջ՝ Expertise France-ի («Էքսպերտիզ Ֆրանս») աջակցությամբ»,- ասաց Վասյորը։
Բացի նշված առանցքային նախագծերից, Հայաստանում կիրառվում է ԶՖԳ խմբի ամբողջ գործիքակազմը՝ աջակցելով նաև մի շարք այլ նախագծերի, որոնք իրականացվում են քաղաքացիական հասարակության կողմից, մասնավորապես՝ զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև իրականացվում է ապակենտրոնացված համագործակցության մեկ նախագիծ։
«Proparco-ի ցուցանիշը Հայաստանում 2025 թվականի հունիսին հասել է մոտ 50 միլիոն եվրոյի՝ ցուցաբերելով պատմական աջակցություն ֆինանսական ոլորտին։ Կրեդիտային գծերից և մի շարք հայկական բանկերի պարտատոմսերի բաժնեմասի ձեռքբերումից բացի, Proparco-ն մեկ տարի առաջ ձեռք բերեց ACBA-ի բաժնեմաս` Հայաստանում իրականացնելով իր պատմության ամենամեծ մասնավոր կապիտալի գործարքը։ Expertise France-ը վերջին տարիներին ամրապնդում է իր ներկայությունը Հայաստանում՝ տարբեր նախարարություններում տեղակայելով փորձագետներ նաև այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են հայկական բրենդիի պաշտպանված աշխարհագրական նշման զարգացումը կամ EU4innovation East նախագծի հայկական տարբերակը՝ տեխնոլոգիական էկոհամակարգին աջակցելու նպատակով»,- նշեց Վասյորը։
Նրա բնորոշմամբ՝ գործունեության հարուստ արդյունքը ստացվել է հայ գործընկերների հետ կառուցված հիանալի հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև համաֆինանսավորող գործընկերների, որոնց թվում առաջին տեղում են Եվրոպական միության պատվիրակությունը, Ասիական Զարգացման բանկը և Համաշխարհային բանկը։
«Այս գրասենյակի բացումն ու մեր թիմի` վերջերս ամրապնդված կազմը, նշում են կարևոր փուլ մեր գործունեության մեջ։ Դրանք արտացոլում են մեր վճռականությունը՝ ամրապնդելու ԶՖԳ-ի ներկայությունը Հայաստանում և շարունակելու առավել սերտ համագործակցությունը ինստիտուցիոնալ, ֆինանսական և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ։ Առաջիկա տարիներին ԶՖԳ-ն Եվրամիության աջակցությամբ նախատեսում է իրականացնել լայնածավալ ծրագիր՝ ջրային և գյուղատնտեսական ոլորտների հզորացման համար։ Դա WAIDA ծրագիրն է։ Մենք շարունակելու ենք կանգնել կարևոր գործընկերների կողքին և ուսումնասիրել հնարավորությունները՝ մեր մասնակցության շրջանակն ընդլայնելու համար»,- ասաց ԶՖԳ-ի տարածաշրջանային տնօրենը։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանային և միջազգային խրթին պայմաններում համատեղ հանձնառությունը կայուն, ներառական և դիմացկուն զարգացման գործում ստանում է լիարժեք իմաստ։ Ըստ նրա՝ գրասենյակը միայն աշխատավայր չէ, այն հանդիսանում է համագործակցության շարունակականության, մտերմության և վստահության խորհրդանիշը։ Ֆրանսիական կողմն այն նախագծել է իր գործընկերներին ընդունելու համար, որոնց ներկայությունը միշտ ողջունելի կլինի նոր բացված գրասենյակում։