Հայաստանն ու Չինաստանը կանգնած են լայն հեռանկարների առջև և կարող են տարբեր ծրագրեր կազմել ապագայի համար․ Լի Սինվեյ

6 րոպեի ընթերցում

Հայ-չինական հարաբերությունները հասել են նոր մակարդակի և նոր մեկնարկային կետում Հայաստանն ու Չինաստանը կանգնած են լայն հեռանկարների առջև ու կարող են տարբեր ծրագրեր կազմել ապագայի համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Չինաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման փորձի փոխանակման շուրջ» խորագրով միջազգային համաժողովում հայտնեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։

«Այս քննարկման նպատակը Չինաստանի զարգացման նվաճումներով պարծենալը կամ պարզապես Չինաստանի փորձը գովազդելը չէ։ Մեր նպատակն է պարզել՝ ինչպե՛ս հասնել մեր երկրների և հասարակությունների համապարփակ և կայուն զարգացմանը փոփոխական աշխարհում, ինչպե՛ս հասնել ժողովուրդների միջև փոխադարձ վստահությանը և համագործակցությանը մրցակցությամբ և հակամարտություններով լի աշխարհում։ Այս տարին աննախադեպ էր ոչ միայն աշխարհի, այլև Չինաստանի և Հայաստանի համար։ Այս տարի մենք միասին բազմաթիվ փոփոխությունների և կարևոր պահերի ականատեսը եղանք։ Այս տարի Չինաստանի տնտեսությունն ապահովեց զարգացման բարձր մակարդակ»,-ասաց դեսպանը։ 

Նա հիշեցրեց, որ վերջին երկու տարին նշանակալից էր հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Չինաստան, հանդիպեց նախագահ Սի Ծինփինին։ Հանդիպման կարևոր ձեռքբերումը եղավ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարությունը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ համաձայնագրերի ստորագրումը։ 

«Չինաստանը նաև աշխարհի ամենաբաց երկրներից մեկն է. մենք ամբողջությամբ վերացրել ենք արտադրական ոլորտում արտասահմանյան ներդրումների սահմանափակումները: Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այժմ վերածվել է աշխարհի ամենամեծ տնտեսական համագործակցային հարթակի, որը ներառում է ավելի քան 150 երկիր և ավելի քան 30 միջազգային կազմակերպություն: Հաջորդ հինգ տարիների ընթացքում Չինաստանը կշարունակի ապահովել բարձրորակ զարգացում, հատկապես տեխնոլոգիական նորարարությունների զգալի աճի շնորհիվ: Չին ժողովրդի կյանքն էլ ավելի կբարելավվի, Չինաստանի շրջակա միջավայրը կդառնա էլ ավելի գեղեցիկ, իսկ Չինաստանի կապերը աշխարհի հետ՝ էլ ավելի սերտ: Չինաստանն իր սեփական զարգացմամբ կշարունակի օգուտ բերել ողջ աշխարհին»,-նշեց Լի Սինվեյը։ 

Նրա պնդմամբ՝ Չինաստանի կառավարությունը գտել է երկրին համապատասխանող զարգացման ուղին, այն է՝ արդիականացում չինական ոճով, ինչը լայնածավալ, համընդհանուր բարգավաճման համար նախատեսված արդիականացում է, որն ապահովում է նյութական և հոգևոր զարգացման, մարդկային բարեկեցության և բնական միջավայրի միջև ներդաշնակություն՝ ուղղված խաղաղ զարգացմանը։ 

«Մենք ազգային և սոցիալական զարգացումը դիտարկում ենք որպես ամբողջական համակարգ, որի հիմքում ընկած է արդյունավետ կառավարումը։ Չինական կառավարման հիմնական հայեցակարգը մարդակենտրոնությունն է։ Այս փիլիսոփայության շնորհիվ 800 միլիոն մարդ դուրս է բերվել աղքատությունից, ինչը 70%-ով նպաստել է համաշխարհային աղքատության կրճատմանը։ Այս տեսանկյունից Չինաստանը նախատեսվածից տասը տարի շուտ հասել է ՄԱԿ-ի 2030 թվականի համար առաջադրված նպատակներին»,-ասաց դիվանագետը։ 

Դեսպանի խոսքով՝ Չինաստանի կառավարման փորձը ոչ միայն սեփական խնդիրները լուծելու համար է, այլև համընդհանուր զարգացման և համաշխարհային կառավարման խնդիրների համար լուծումներ տրամադրելու համար է, և այդ համատեքստում է դիտարկվում նաև «Համընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի» նախաձեռնության ներկայացումը։ Չինաստանի նախագահի կողմից առաջարկված այդ նախաձեռնությունն ութ տարի անընդմեջ ներառվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում։ 

Այս տարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդես եկավ նաև «Գլոբալ կառավարում» նախաձեռնությամբ, որին իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջերս ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում ստեղծվեց «Գլոբալ կառավարման բարեկամների խումբը», Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունն այդ նախաձեռնությունում։ 

«Չինաստանի կառավարման յուրօրինակ փորձը միայն Չինաստանի պատմության մաս չէ. այն անբաժանելի է համաշխարհային կառավարումից: Չինաստանն ու Հայաստանը հինավուրց քաղաքակրթություններ են։ Մենք երկուստեք հույս ենք հայտնում հասնել ազգային զարգացմանը և մեր ժողովուրդների երջանկությանը, ձգտում ենք համաշխարհային խաղաղությանը և պայծառ ապագային: Խաղաղ զարգացման և համաշխարհային կառավարման գործում մենք, անկասկած, գործընկերներ ենք: Չինաստանը պատրաստ է կիսվել իր զարգացման փորձով և հնարավորություններով: Լիահույս ենք Հայաստանի լուսավոր ապագայի ականատեսը լինելուն»,-եզրափակեց Լի Սինվեյը։

Հայերեն العربية English فارسی Русский

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը