Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նույն օրը ստորագրված համատեղ հռչակագրին, որն ուրվագծում է համագործակցության առաջնահերթությունները և կարևորում նաև օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունը:
Նախարար Միրզոյանն իր երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ ստեղծված հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը: