ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած կարատեիստներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է անկախ Հայաստանի կարատեի աշխարհի առաջնության առաջին բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանին, Երևանում անցկացված Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանին, 2025 թ. Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր Գագիկ Ոսկանյանին և տարվա ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած մյուս մարզիկներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով մեդալակիր մարզիկներին և ֆեդերացիայի ղեկավար կազմին՝ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է նրանց՝ տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կատարած հետևողական աշխատանքի համար։

«Ձեր ձեռքբերումներն այս մարզաձևում, իսկապես, բացառիկ են․ ՀՀ անկախության ողջ շրջանում այս մարզաձևում այսպիսի բարձր արդյունքներ դեռևս չէին գրանցվել։ Դրանք ոչ միայն ձեր անձնական հաղթանակներն են, այլև մեր երկրի և հայկական սպորտի կարևոր նվաճումները։ Դուք լավագույն օրինակն եք երիտասարդ սերնդի համար»,- նշել է նախարարի տեղակալը՝ կարևորելով նաև սպորտի ոլորտում հաջողությունների հասած մարզիկների համագործակցությունը հանրակրթության համակարգի հետ՝ առողջ ապրելակերպի խրախուսման և քարոզման համատեքստում:

Հասմիկ Ավագյանը բարձր է գնահատել Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարության և մարզչական շտաբի արդյունավետ աշխատանքը և համագործակցությունը։ Նա վերահաստատել է պետության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ֆեդերացիայի կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև սատարելու բարձր արդյունքներ ապահոված մարզիկներին՝ նպաստելով մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ցուցաբերած ուշադրության ու գնահատանքի համար։ Նշվել է մարզչական շտաբի կողմից իրականացված հետևողական և նպատակային աշխատանքի կարևորությունը, որի շնորհիվ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում և Եգիպտոսում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել մեծահասակների պայքարում։

«Թիմը երիտասարդ է, սակայն շատ հեռանկարային։ Մեր նպատակն է առաջիկայում փոխել մեդալների գույնը, հասնել եզրափակիչներ և բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակներում»,- ընդգծել են ֆեդերացիայի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա միջոցառումներին, մասնավորապես՝ 2027 թվականին Երևանում անցկացվելիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը վերաբերող հարցեր:

Հայերեն

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը