Տնտեսություն

Հայաստանում թողարկված պարտատոմսերի գումարային ծավալը սպասվածից ավելին է. ԿԲ նախագահ

4 րոպեի ընթերցում

Հայաստանում թողարկված պարտատոմսերի գումարային ծավալը սպասվածից ավելին է. ԿԲ նախագահ

Հայաստանում թողարկված պարտատոմսերի գումարային ծավալը որոշակիորեն գերազանցել է ՀՀ կենտրոնական բանկի սպասելիքները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 16-ի ասուլիսում հայտարարեց կառույցի ղեկավար Մարտին Գալստյանը: 

Անդրադառնալով 2025 թվականին Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման դրական միտումների վերաբերյալ հարցին՝ բանախոսը նշեց. 

«Եթե մոտ հինգ տարի առաջ հարցնեիք այս մասին, ապա կասեի՝ ակնկալում ենք, որ շուկան որոշակի զարգացում կունենա: Մասնավորապես, պարտատոմսերի մասով ակնկալիքն այն էր, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, ջանքերը, բորսայական և արտաբորսայական ենթակառուցվածքների ստեղծումը պետք է նպաստեն նրան, որ կապիտալի շուկայում որոշակի շարժ տեսնենք: Այսինքն, տեսնենք ոչ միայն ֆինանսական կազմակերպությունների կողմից պարտատոմսերի թողարկում, այլև տեսնենք, որ իրական հատվածի ընկերությունները ևս փորձում են միջոցներ ներգրավել պարտատոմսեր թողարկելու միջոցով: 

Այս պահի դրությամբ ունենք մի իրավիճակ (կառավարության գործընկերների կողմից նույնպես մշակված աջակցման հատուկ ծրագիր կա), որի արդյունքում շատ մեծ ծավալի թողարկումներ ենք տեսնում ոչ միայն ֆինանսական, այլ նաև ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից: Այսինքն՝ այն, ինչ պլանավորում էինք, կարող եմ ասել, նույնիսկ դա գերազանցող որոշակի թողարկումների ծավալ ունենք: Եթե ճիշտ եմ մտաբերում, 700 միլիարդ դրամը գերազանցող պարտատոմսերի թողարկում կա Հայաստանի Հանրապետությունում: Եթե չեմ սխալվում, մեր պետական պարտատոմսերը դրամով մոտավորապես 2.8 տրիլիոնի են: Ընդհանուր ծավալի մոտավորապես 20 տոկոսի չափ ունենք ոչ պետական պարտատոմսեր: Կարծում ենք, որ սա դեռևս սկիզբն է»,- նշեց նա:

Մարտին Գալստյանը նաև անդրադարձավ երկու խնդրի, որոնց վրա կցանկանար, որպեսզի կառուցվի իրենց հետագա գործողությունների ծրագիրը.

«Դա բաժնետոմսերի շուկայի զարգացման ծրագրերն են: Այսինքն, ոչ միայն պարտքային գործիքներ, այլ նաև բաժնային գործիքներ, որը թույլ կտա նոր տիպի ներդրողների ներգրավում, որովհետև ենթակառուցվածքներ, ըստ էության, կան: Եթե գնանք բաժնային արժեթղթերի շուկայի զարգացման ճանապարհով։ Կարծում եմ՝ թե՛ բիզնեսին, թե՛ ներդրողներին դա շահեկան է:  

Մի խնդիր, որի վրա կուզեի մեր ուշադրությունը սևեռել ու, կարծում եմ, այդտեղ մի քիչ աչալուրջ պետք է լինենք: Պարտատոմսերի վերջին թողարկումների ազդագրերը, երբ գրանցում էինք, նկատեցի, գործընկերների հետ զրույցի ընթացքում էլ հասկացանք, որ լևերիջի (ֆինանսական լծակ՝ փոխառված միջոցների օգտագործումն է ներդրումներից ստացվող պոտենցիալ շահույթը մեծացնելու համար - խմբագրություն) գործակիցը իրական հատվածի գործընկերների կողմից թողարկվող պարտատոմսերի մասով ու իրենց ֆինանսների մասով բավականին մեծ է: Այսինքն՝ ֆինանսական կազմակերպությունների՝ նորմատիվային դաշտում գործելու պարագայում թողնում ենք, որ իրենք ունենան կապիտալի ադեկվատության նորմատիվ 12, ինչը ենթադրում է լևերիջ՝ մոտավորապես 8-9: Վերջերս տեսանք, որ իրական հատվածում գործընկերներ կան, որոնց լևերիջը մոտավորապես 17-19 է: Կարծում եմ՝ այդտեղ անելիք ունեն և՛ իրական հատվածի գործընկերները (այսինքն, այնտեղ կապիտալ պետք է ավելացվի, որ կարողանաս նաև պարտքդ մեծացնես՝ համարժեք լինի), և՛ ներդրողները՝ պետք է աչալուրջ լինեն, մի քիչ ավելի մանրակրկիտ նայեն որոշակի ֆինանսական ցուցանիշների, որովհետև լևերիջը ենթադրում է որոշակի ռիսկ»,- մանրամասնեց ԿԲ նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում