Բարձր տեխնոլոգիաներ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի աճի և աշխատատեղերի զարգացման նոր քաղաքականության գործառնության առաքելության ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարի տեղակալը կարևոր է համարել Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին։ 

Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը նշել է, որ առաքելության նպատակն է համապատասխան պետական կառույցների հետ քննարկումների արդյունքում սահմանել նոր ծրագրի գործարկման համար պահանջվող բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև ներկայացնել ակնկալվող արդյունքներն ու ծրագրի իրագործման հիմնական փուլերը։ 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀԲ նոր ծրագրի մանրամասները, որի շրջանակում առցանց մասնակցությամբ իր դիտարկումներով հանդես է եկել նաև ՀԲ թվային զարգացման մասնագետ Հիմմատ Սինգ Սանդհուն։

Քննարկվել է Հայաստանի համար նախատեսվող նոր ծրագրի մշակմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նշվել է, որ ծրագիրը կենտրոնանալու է մրցակցության, ներդրումների և տնտեսական աճի, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանը խթանող համապատասխան բարեփոխումների ուղղությամբ ՀԲ օժանդակությանը։

Կողմերն անդրադարձել են նաև ծրագրի ընթացքին, Հայաստանի թվային օրակարգի հիմնական առաջնահերթություններին, պետական ծառայությունների թվայնացմանը, թվային ներառականության ապահովմանը, նորարարական էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև կապի ու ինտերնետի հասանելիությանը վերաբերող հարցերին։ Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը՝ ներառյալ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև ներկայացված ծրագրով համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության և համապատասխան նախաձեռնությունների ներառման ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում