Աշխարհ

Ո՞ր ոլորտներն են Հնդկաստանում հեռանկարային համարում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. փորձագետների անդրադարձը

4 րոպեի ընթերցում

Ո՞ր ոլորտներն են Հնդկաստանում հեռանկարային համարում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար. փորձագետների անդրադարձը

Հնդկաստանի առաջատար վերլուծական կենտրոնը՝ «Դիտորդական հետազոտական հիմնադրամ»-ը (ORF – Observer Reseach Foundation), որը Հայաստանի հետ սերտորեն համագործակցել է հայաստանյան «Երևանյան երկխոսություն» և հնդկական «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովների շրջանակներում, Նյու Դելիում հյուրընկալել է լրագրողների ավելի քան մեկ տասնյակ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումներին, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությանը, Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է Նյու Դելիից, վերլուծաբան Ռաջոլի Սիդհարթ Ջայապրակաշը զրույցի ընթացքում նշեց, որ Հնդկաստանը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մաս է կազմում։ 

«Մենք ողջունել ենք այնտեղ (խմբ.՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում) տեղի ունեցած զարգացումները։ Կարծում եմ՝ Հնդկաստանը ողջունում է այն, որ բոլոր երեք երկրները միավորվել են և համաձայնության եկել միջանցքի շուրջ», - նշեց վերլուծաբանը։

Միևնույն ժամանակ, պատասխանելով հարցին, թե որ ոլորտներում է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումն ավելի հեռանկարային թվում, վերլուծաբանն առանձնացրեց, մասնավորապես, առևտուրը։

«Կարծում եմ՝ շատ խոստումնալից ոլորտ է առևտուրը։ Ինչպես գիտեք, Հնդկաստանն ազատ առևտրի շուրջ բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միության հետ։ Եթե որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը վերացվեն, ապա կարծում եմ՝ Հնդկաստան-Հայաստան առևտրային հարաբերությունները կզարգանան», - նշեց Ռաջոլի Սիդհարթ Ջայապրակաշը։

Ըստ վերլուծաբանի՝ Երևանի և Նյու Դելիի միջև հարաբերությունները կարող են զարգանալ նաև զբոսաշրջության ոլորտում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև բավական մեծ մշակութային կապ կա։

«Կարծում եմ՝ մշակութային և տնտեսական համագործակցությունը ևս այն ոլորտներն են, որոնցում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները կարող են շարունակել ամրապնդվել և զարգանալ», - եզրափակեց մասնագետը։

Իր հերթին, ORF-ի վերլուծաբան Ալեքսեյ Զախարովը երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարային ոլորտ է համարում, այդ թվում, պաշտպանությունը։

«Վերջին տարիներին պաշտպանության ոլորտում շատ բան է տեղի ունեցել։ 2020 թվականից հետո, կարծում եմ՝ նկատել եք, որ հնդկական սարքավորումներ են սկսել մատակարարվել։ Ըստ իս՝ դա Հնդկաստանի աջակցության կարևոր մասն է», - նշեց վերլուծաբանը։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ «ամրապնդվել են նաև երկու երկրների դիվանագիտական կապերը»՝ այլ որոլտներում գործակցության զարգացմանը զուգահեռ։

«Հայաստանը և Հնդկաստանը կապեր ունեն տարբեր մակարդակներում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական։ Ադրբեջանի հետ լարվածության ժամանակ Հնդկաստանը, կարծում եմ, աջակցում էր Հայաստանին։ Եվ տնտեսական հարաբերությունները բարելավելու ձգտումներ ևս կան։ Սակայն, ըստ իս, պետք է բարելավվի կապակցվածության հարցը, բիզնեսները պետք է ավելի լավ կապեր հաստատեն միմյանց հետ։ Այլապես, ինստիտուցիոնալ և կառուցվածքային մակարդակում, կարծում եմ, հարաբերությունները լավ են», - նշեց Զախարովը։ 

Միևնույն ժամանակ, վերլուծաբանը բացթողում է համարում Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը։ Ուղիղ չվերթերի հաստատումն, ըստ Զախարովի, կմեծացնի Հայաստանի գրավչությունը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում