Գրականության մեջ ազատ եմ. Գուրգեն Խանջյանն «Ինչկաչկա» վեպ-էսսեով ընթերցողներին է ներկայացնում իր կյանքի հետաքրքրական էջերը
8 րոպեի ընթերցում

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը միշտ փորձում է անկեղծ լինել ընթերցողի հետ, նրան պատմում է պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն է, ոչ միայն ինքնատիպ ձեռագրով ու ոճով խոսում է անհատի զգացմունքների, ապրումների, այլև մարդկային բարդ ու խճճված հարաբերությունների, սիրո և կրքի մասին։ Խանջյանի հերոսների հետ ճամփորդում ես, յուրովի ճանաչում մարդուն և աշխարհը։
Հեղինակը խոստովանում է՝ իր ստեղծագործությունների բոլոր հերոսներն իրենից մի մասնիկ ունեն, և ինքնաարտահայտման ավելի լավ ձև, քան արձակն է, չի պատկերացնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանջյանն օրերս ընթերցողների դատին հանձնեց «Ինչկաչկա» վեպ-էսսեն, որն ինքնակենսագրական պատում է։ Հեղինակն այն նվիրել է դստերը՝ Մանեին։

Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը, խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է։ Ըստ Նիկողոսյանի՝ Գուրգեն Խանջյանը ստեղծագործական այնպիսի հանգրվանում է և այնպիսի արժեքավոր գրականություն է ստեղծել, որ կարող է իրեն թույլ տալ գրել գրքեր, որոնցում հետահայացը, հուշը, անցյալի գնահատումն ու արժևորումը շատ կարևոր տեղ են զբաղեցնում, հարցադրումներ են առաջ բերում, որոնց պատասխանները հնարավոր է գտնել Խանջյանի նախորդ գրքերում։
«Հեղինակը գիրքը որպես ժանր բնորոշել է վեպ-էսսե։ Թվում է, թե սա ժանրային նոր իրացում է, որին Խանջյանը դիմել է։ Եթե ավելի ուշադիր հետևենք նրա ստեղծագործությանը, կնկատենք, որ էսսեի տարրերով վեպը Խանջյանի նախընթաց արձակին շատ բնորոշ է։ Եթե նրա ստեղծագործություններին գլոբալ նայենք՝ ժանրերի իրացումներից զատ՝ վիպակ, վեպ, պատմվածք և այլն, կտեսնենք, որ նա էսսեիստ մտածող է, և պատահական չէ, որ Խանջյանի հատկապես 2000-ականներին ստեղծած կոլաժները ժանրային նորություն բերեցին մեր գրականություն»,-նշում է խմբագիրն ու հավելում՝ «Ինչկաչկա» գրքում Խանջյանը փորձում է հեռավորությունից նայել անցյալին ու վերաիմաստավորել այն։
Նա վստահեցնում է՝ Խանջյանն այս գրքում ևս պահում է իր գրի բարձր մակարդակը. պատմելու ֆանտաստիկ որակները, դետալների վրա կենտրոնանալու կարողությունը և այլն։

«Գուրգեն Խանջյանի աշխարհայացքն այս գրքում յուրահատուկ է դրսևորվում, որովհետև նա մեր ժամանակների մեծ ու բացառիկ գրողներից է, որը ժամանակին քանդելով բազմաթիվ կաղապարներ, պատնեշներ՝ չի խուսափում իր գիտակցության մեջ տեղի ունեցող որոշակի էվոլուցիոն փոփոխությունները ևս ամրագրել։ Դրա բացատրությունն էլ նրա գրողական ազնվության, անկեղծության, գրի տեր լինելու վկայություններից է»,-ընդգծում է գրքի խմբագիրը։
Գուրգեն Խանջյանը երբեք չի գրել իր գրքերը լայն զանգվածներին վաճառելու նպատակով։ Ասում է՝ դժվար է գրել քո մասին այնպես, որ ընթերցողը չհեռանա քեզնից։
Այդ առումով «Ինչկաչկա»-ն ևս բացառություն չէ։ Հեղինակը փորձել է ընթերցողին իր պատմության մասնիկը դարձնել։ «Ներկայացնում եմ խորհրդային շրջանի իրադարձությունները։ Իմ ընթերցողների շրջանում այսօր շատ են երիտասարդները, բայց մտածեցի, որ նրանց այդ փորձը կարող է հետաքրքրել, կարող են ծանոթանալ այն մարդկանց հետ, որոնք ապրել են խորհրդային տարիներին, իմանալ, թե ինչ են մտածել նրանք, ինչպես են շփվել միմյանց հետ։ Կարծեցի՝ եթե հավեսով գրեմ, մարդիկ հավեսով կկարդան ու շարունակեցի վայելել իմ հիշողությունները, տխրությունները»,-ասում է գրողը։

Նրա խոսքով՝ «Ինչկաչկա»-ն մեր կյանքն է. ծնվում ենք, ապրում ենք լավ կամ վատ, հետո մտածում, թե ուր ենք գնում։ «Գուցե, Տերն էլ հարգի ամեն մեկի գնալու ճանապարհն ու տեղը և տանի հենց այդ ուղղությամբ»,-նշում է նա։
Գրքում Խանջյանի միջավայրն է, մարդիկ, որոնք մեծ կամ փոքր դերակատարություն են ունեցել նրա կյանքում։ Գրելիս մտածել է, որ չի անդրադարձել այս կամ այն մարդուն, սակայն վստահեցնում է՝ կյանքի այդ ընթացքում, այդ շերտում հենց նկարագրվող մարդիկ պետք է լինեին։
«Այդ տարիներին հասարակ մարդկանց հետ էի շփվում և ավելի ազատ էի, ավելի անմիջական։ Գալիս է մի շրջան, երբ հասկանում ես՝ լավ կամ վատ մարդիկ չկան։ Մարդն այն է, ինչ կա. կամ գեներով է ժառանգել որոշ գծեր, կամ տան, կամ դպրոցի դաստիարակությունն է։ Ինքը մեղք չունի, որ այսպիսին կամ այնպիսին է։ Մարդիկ են, որոնք քեզ հետ ապրել են, որոնց հիշում ես, որոնցից ոմանք քիչ թե շատ ցցուն են եղել, երևացել են։ Մտածում ես, որ այսօր այս կամ այն մարդուն, հավանաբար, ոչ ոք չի հիշում. ծնողները չկան, ինքը չկա, երեխաները չգիտես, թե որտեղ են։ Ցանկանում ես այդ մարդու անունը հիշատակել, որ նա մնա։ Կարևոր չէ նա քո նկատմամբ լավ է եղել, թե վատ»,-կարծում է Խանջյանը։
Հեղինակն իր տարբեր ժամանակներում գրված գրքերում անդրադառնում է Թբիլիսիին, որտեղ անցկացրել է կյանքի մի շրջանը, Երևանին, որն անգիր գիտի, որը կարոտում է, որի համար տագնապում է։
«Իմ Երևանը մի քիչ տարբերվում է ուրիշների Երևանից։ Պատանեկության շրջանում ապրել եմ Թիֆլիսում։ Երևանը, որտեղ հայրս ու տատս էին, հեռու էր։ Միայն ամառային և ձմեռային արձակուրդներին էի գալիս Երևան։ Մեր թիֆլիսյան տանը հաճախ հայրենիքի մասին էին խոսում, պապս թառ էր նվագում, հայրենասիրական երգեր էին հնչում, և երբ գալիս էի Երևան, ոգևորվում էի, մտածում էի՝ հիմա կտեսնեմ Մասիսը, սյուների արագիլներին, տուֆ քարի գույնն ու ձևը։ Այդ ամենը հայրենիք էր, ոչինչ, որ Թիֆլիսում ինձ ասում էին երևանցի, իսկ Երևանում՝ թիֆլիսեցի։ Անընդհատ օտարության զգացողություն կար, բայց ինձ համար այդ մարդիկ կարևոր չէին։ Ես գիտեի, որ իմ հայրենիքն է, և վաղ թե ուշ փարվելու ենք իրար»,-ընդգծում է Խանջյանը։

Այսօր նա քաղաքը կորցնելու վտանգ է զգում, քայլում է Երևանում և կարոտում այն։ Մտածում է՝ գուցե, այդպես պետք է լիներ, կամ այնքան էլ այդպես չպետք է լիներ։ «Սրճարաններ կան, որ հանուն կոմերցիայի չպետք է վերացնեին, որովհետև նման վայրեր այնպիսի մարդիկ էին գնում ու գալիս, որ չէր կարելի դիպչել՝ Հրաչյա Ներսիսյան, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Մհեր Մկրտչյան և այլք։ Նրանք եղել են այդ սրճարաններում, նստել, զրուցել, վիճել են միմյանց հետ։ Այդ վայրերում նրանց հոգին է սավառնում, և հանուն մի քանի կոպեկի վերացնում են այդ ամենը»,-նշում է հեղինակը, որը Թիֆլիսը ևս կարոտում է։

Նա չի վախենում լիարժեք անկեղծ լինել ընթերցողի հետ։ Հիշում է աստվածաշնչյան խոսքերը՝ ոչինչ չկա թաքուն, որ չդառնա բացահայտ։
«Ես այսպիսին եմ, սա իմ գրածն է, իմ հանդիպած մարդիկ են, մեկին մի գրքից վերցրել, տարել եմ մյուս գիրք, մյուսին այնտեղից բերել եմ այստեղ, մի քիչ ծռել եմ, ծռել եմ, նոր մարդ է ստացվել։ Սա է արվեստը։ Չեմ ձգտում դասական, անձեռնմխելի, արձանացած վիճակների, ուստի գրականության մեջ ազատ եմ»,-եզրափակում է Գուրգեն Խանջյանը։
Գլխավոր լուսանկարը` Հռիփսիմե Լալայանի
