FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ
4 րոպեի ընթերցում

FlyOne Armenia-ն Ֆարնբորոյի միջազգային ավիացուցահանդեսի (Farnborough International Airshow 2026) շրջանակներում ստորագրել է փոխըմբռնման հուշագիր (MoU) աշխարհի առաջատար ավիաշարժիչ արտադրող CFM International ընկերության հետ՝ չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրել են FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը և CFM International-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հանդիսանում է FlyOne Armenia-ի նավատորմի արդիականացման և երկարաժամկետ զարգացման ռազմավարության հերթական կարևոր քայլը։ LEAP-1A շարժիչները նախատեսված են Airbus A320neo ընտանիքի նոր սերնդի օդանավերի համար և համարվում են համաշխարհային ավիացիոն արդյունաբերության ամենաարդյունավետ և տեխնոլոգիապես առաջադեմ լուծումներից մեկը։
Շարժիչների կիրառումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել վառելիքի ծախսը, ածխաթթու գազի արտանետումները և աղմուկի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով օդանավերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը։
«Այս համաձայնագիրը պարզապես շարժիչների ձեռքբերման մասին չէ. այն մեր տեսլականի հերթական իրականացված քայլն է՝ կառուցելու ժամանակակից, արդյունավետ և կայուն հայկական ավիաընկերություն։
LEAP-1A շարժիչները միջազգային ավիացիայում համարվում են արդյունավետության, հուսալիության և բնապահպանական պատասխանատվության չափանիշ։ Մենք հպարտ ենք խորացնել համագործակցությունը CFM International-ի հետ և շարունակել ներդրումները մեր ապագա նավատորմի զարգացման ուղղությամբ։
Այս ներդրումը վկայում է FlyPne Armenia-ի երկարաժամկետ զարգացման, հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայի նկատմամբ մեր վստահության և մեր ուղևորներին առավել անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից ծառայություններ մատուցելու հանձնառության մասին»,– ասել է FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ LEAP-1A շարժիչները հնարավորություն են տալիս՝
- մինչև 20% նվազեցնել վառելիքի սպառումը՝ նախորդ սերնդի շարժիչների համեմատ,
- էականորեն կրճատել CO₂ արտանետումները,
- նվազեցնել աղմուկի մակարդակը,
- ապահովել շահագործման բարձր հուսալիություն,
- նվազեցնել սպասարկման և շահագործման ընդհանուր ծախսերը։
Ըստ հաղորդագրության՝ այս տեխնոլոգիաների ներդրումը FLYONE Armenia-ին հնարավորություն կտա շարունակել ընդլայնել միջազգային երթուղային ցանցը, բարձրացնել մրցունակությունը և ներդնել ոլորտի լավագույն տեխնոլոգիական լուծումները։
Ռազմավարական գործընկերություն
Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք է դնում FlyOne Armenia-ի և CFM International-ի միջև երկարաժամկետ համագործակցության համար և հանդիսանում է ավիաընկերության նավատորմի ընդլայնման ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը։
Հուշագրի ստորագրումը կայացել է CFM International-ի տաղավարում՝ Ֆարնբորոյի միջազգային ավիացուցահանդեսի շրջանակներում, որը համարվում է համաշխարհային ավիատիեզերական արդյունաբերության ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը։