Վարչապետը հույս ունի, որ Թուրքիան կընդունի Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու որոշումը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են, ինչը նպաստում է հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում կայացած «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» պանելային քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես եղանք Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը։
Այդ շփումներն իրականացվում են գրեթե բոլոր մակարդակներում՝ իմ և նախագահ Էրդողանի, մեր արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև համապատասխան ոլորտային նախարարությունների միջև։ Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ եւ հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ Անկարան կընդունի երկար սպասված որոշումը. «Ես հույս ունեմ, որ Թուրքիան կընդունի երկար սպասված քաղաքական որոշումը Հայաստանի հետ իր սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ»։
Ըստ վարչապետի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, TRIPP նախագիծը, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը կարող են Հարավային Կովկասը դիրքավորել որպես առավել գրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։
«Եվ մենք ամեն ջանք գործադրում ենք այդ պատմական հնարավորությունն իրագործելու համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։