Ռուսաստան

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Հնդկաստանին ապահովել վառելիքի «անխափան մատակարարումներով»

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Հնդկաստանին ապահովել վառելիքի «անխափան մատակարարումներով»

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Դելիում տեղի ունեցած բանակցություններից հեռտո համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել, որի ընթացքում Պուտինը պատրաստակամություն է հայտնել Հնդկաստանին անխափան կերպով ապահովել վառելիքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասուլիսի ընթացքում երկու ղեկավարների ելույթների տեսանյութերը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք հետագայում էլ ապահովել վառելիքի անխափան մատակարարումն արագ աճող հնդկական տնտեսության համար», - ասել է Պուտինը։ 

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել հնդկական կողմին, մասնավորապես՝ նախագահին և վարչապետին, «ջերմ ընդունելության համար»։ Պուտինի խոսքով՝ Նարենդրա Մոդիի հետ «կառուցողական» քննարկումներ են եղել «բարեկամական մթնոլորտում»։

Պուտինը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև փաստաթղթերի «տպավորիչ» փաթեթ է ստորագրվել։ Պուտինը նաև նշել է Հնդկաստանում RT India հեռուստաալիքի բացման կարևորությունը։ 

ՌԴ նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրի ծավալը հնարավոր է հասցնել 100 միլիարդ դոլարի։ 2024 թվականի արդյունքներով այն կազմել է շուրջ 60 միլիարդ դոլար։ Նա նաև ողջունել է, որ առևտրում երկու երկրներն ավելի շատ են օգտագործում ազգային արժույթը։

Վարչապետ Մոդին իր հերթին բարձր է գնահատել Հնդկաստանի և Ռուսաստանի ամուր ռազմավարական հարաբերությունները, որոնք «հասել են նոր բարձունքների»։ Նա հայտարարել է, որ երկու կողմերը հաջողությամբ համագործակցում են մաքուր էներգետիկայի և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում։ Նյու Դելին և Մոսկվան նաև կշարունակեն քննարկել Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցը, կավելացնեն ուսանողների փոխանակումները։

Նարենդրա Մոդին նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Նյու Դելին հանդես է գալիս երկարաժամկետ խաղաղության օգտին։ 

Պուտինը երկօրյա պետական այցով Հնդկաստան է ժամանել դեկտեմբերի 4-ին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում