Միացյալ Նահանգներ

Թրամփը Լուլա դա Սիլվայի հետ քննարկել է առևտրի, մաքսատուրքերի և հանցավորության դեմ պայքարի հարցերը

3 րոպեի ընթերցում

Թրամփը Լուլա դա Սիլվայի հետ քննարկել է առևտրի, մաքսատուրքերի և հանցավորության դեմ պայքարի հարցերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է առևտրին, մաքսատուրքերին և հանցավորության դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Մենք շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցանք Բրազիլիայի նախագահ Լուլայի հետ։ Ի թիվս այլ բաների մենք քննարկեցինք առևտուրը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունները, բրազիլացի տարբեր պաշտոնատար անձանց  նկատմամբ սահմաված պատժամիջոցները, մաքսատուրքերը և տարբեր այլ հարցեր», - նշել է Թրամփը։ 

Նա հավելել է, որ ինքը և Լուլա դա Սիլվան հարաբերություններ են հաստատել ՄԱԿ-ի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը «հիմք է դրել երկարատև ժամանակով շատ լավ երկխոսության և համաձայնության համար»։ 

«Ես անհամբերությամբ սպասում եմ շուտով նրա հետ հանդիպելուն և զրուցելուն։ Այս նոր ձևավորվող գործընկերությունը շատ լավ բաներ կբերի», - հավելել է Թրամփը։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ իրեն դուր է եկել իր բրազիլացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցը։

Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Լուլա դա Սիլվան Թրամփի հետ զրույցում ցանկություն է հայտնել շարունակել բանակցություններն ամերիկյան մաքսատուրքերի մնացած մասի վերացման շուրջ։

Հուլիսին Թրամփը Բրազիլիայի նկատմամբ մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել է մինչև 50%: Նա պարզաբանել է, որ դա արել է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ     դատավարության  պատճառով՝ այդ դատաքննությունն անվանելով քաղաքական հետապնդում։

Սպիտակ տունը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել Բրազիլիայից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների մաքսատուրքերի նվազեցման մասին: Դրանից առաջ՝ նոյեմբերի 14-ին, Սպիտակ տան ղեկավարն ստորագրել էր մեկ այլ հրամանագիր, որի համաձայն ԱՄՆ-ն 10% համընդհանուր մաքսատուրքերի գործողությունից հանել է տասնյակ տեսակի մրգեր, բանջարեղեն, ընկույզ, սուրճ և թեյ, ինչպես նաև տավարի միսը: Ըստ The New York Times-ի՝ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է դա անել Միացյալ Նահանգներում սննդամթերքի գների աճի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում