Եվրոպա

Ոստիկանությունը ձերբակալել է ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը ձերբակալել է ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին

ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 2-ին ձերբակալվել է խարդախության դեմ պայքարի հետաքննության շրջանակում ոստիկանական խուզարկությունների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։ 

Մոգերինին ձերբակալված երեք կասկածյալների թվում է հայտնվել այն բանից հետո, երբ Բելգիայի իշխանությունները խուզարկել են ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Բրյուգգե քաղաքում գտնվող Եվրոպայի քոլեջի գրասենյակները և մի շարք մասնավոր տներ։

Le Soir-ի տվյալներով՝ մյուս ձերբակալված անձը Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության նախկին գլխավոր քարտուղար և Եվրոպական հանձնաժողովի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Պարսից ծոցի երկրների գլխավոր տնօրինության (DG MENA) ներկայիս գլխավոր տնօրեն Ստեֆանո Սաննինոն է։

Երրորդ անձը, ըստ տեղեկությունների, Եվրոպայի քոլեջի մենեջեր է։

Եվրոպայի քոլեջի խոսնակը հաստատել է Euronews-ին, որ խուզարկություններ տեղի են ունեցել, սակայն հրաժարվել է ասել, թե արդյոք Մոգերինին ձերբակալվածների թվում է։

Մոգերինին 2014-2019 թվականներին եղել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ ղեկավարելով ԵՄ դիվանագիտական ​​թևը։ Նա 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Եվրոպայի քոլեջի՝ ԵՄ ֆինանսավորում ստացող հեղինակավոր համալսարանի ռեկտորն է։

Խուզարկությունները կատարվել են Եվրոպական դատախազության (EPPO) խնդրանքով, որը հետաքննում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծի հետ կապված կասկածելի խարդախությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում