Միացյալ Նահանգներ

Կոլումբիան վերսկսում է Վենեսուելայի հետ ավիահաղորդակցությունը

2 րոպեի ընթերցում

Կոլումբիան վերսկսում է Վենեսուելայի հետ ավիահաղորդակցությունը

Կոլումբիան վերսկսում է Վենեսուելայի հետ օդային հաղորդակցությունը մի քանի օր տևած ընդմիջումից հետո՝ կապված «Վենեսուելայի ու նրա շուրջ օդային տարածքի փակման» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Globovision-ը նշում է, որ օդային հաղորդակցության վերսկսման մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։

«Կոլումբիան վերականգնում է քաղաքացիական ավիացիայի ծառայությունները Վենեսուելայի համար և կոչ է անում աշխարհին նույնն անել, - հայտարարել է Պետրոն։ - ԱՄՆ-ն ոչ մի իրավունք չունի փակելու Վենեսուելայի օդային տարածքը։ Նա դա կարող է անել իր ավիաուղիների հետ, բայց ոչ աշխարհի մյուս երկրների ավիաուղիների հետ»։

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ քաղաքացիական ավիացիոն դաշնային վարչությունը զգուշացրել է Կարակասի «Մայկետիա» օդանավակայանի շրջանում տվյալների փոխանակման ոլորտում հնարավոր վտանգավոր իրադրության մասին։ Դրանից հետո ավիաընկերությունները հայտարարել են Վենեսուելայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին։ Նոյեմբերի 29-ին Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի և նրա շուրջ օդային տարածքը փակ է։

«Բոլոր ավիաուղիներին, օդաչուներին, թմրավաճառներին և այն անձանց, որոնք զբաղվում են մարդկանց անօրինական փոխադրմամբ, խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Վենեսուելայի և նրա շուրջ օդային տարածքը լիովին փակ է», - գրել էր Թրամփը Truth Social-ում։

Բացի այդ, ԱՄՆ-ն 11 նավից բաղկացած խմբավորում է տեղակայել Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մերձակայքում, և վերջին շրջանում բազմաթիվ հասցրել նավակների՝ պնդելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում