Հայաստան

Կանանց ներգրավումը ՀՀ անվտանգության համակարգում խորհրդանշական քայլ չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն

7 րոպեի ընթերցում

Կանանց ներգրավումը ՀՀ անվտանգության համակարգում խորհրդանշական քայլ չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն

21-րդ դարի անվտանգությունը պահանջում է բոլոր քաղաքացիների՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կարողությունների համատեղումն ու փոխլրացումը, ուստի Հայաստանի համար կանանց ներգրավումն անվտանգության համակարգում, մասնավորապես զինված ուժերում լոկ խորհրդանշական քայլ չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և դրանից դուրս» թեմայով միջազգային համաժողովում հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  

«ժամանակակից անվտանգային կառույցներին անհրաժեշտ են բազմազան կարողություններ՝ մշակութային զգայնություն, լեզվական կարողություն, կիբեռանվտանգության ոլորտի հմտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, հոգեբանական, սոցիալական ընկալում և ՏԻՄ-երի հետ իմաստալից հաղորդակցության ունակություն։ Աշխարհի տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ է դարձնում այդ կառույցների գործունեությունը, և վերջիններս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները»,- ասաց Գրիգորյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես ղեկավար պաշտոններում, հետևաբար կանանց դերակատարությունը խթանելու և ավելի ընդգրկուն հնարավորություններ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ 

«Կարևոր օրինակներից է կանանց կամավոր վեցամսյա ժամկետային զինծառայության զորակոչելը, որը 18-27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինպատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրոյի չափ գումար։ ՀՀ-ում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որն ամբողջությամբ բաղկացած է կին ծառայողներից»,- նշեց Գրիգորյանը։

Նրա տեղեկացմամբ՝ կանանց գումարտակի համար ստեղծվել են առանձին պայմաններ և զարգացած ենթակառուցվածք՝ ծառայությունը հավուր պատշաճի կազմակերպելու և արդյունավետ արդյունքներ գրանցելու համար։ Գրիգորյանն ընդգծեց հատկապես հայ կին զինծառայողների մասնակցությունն արտասահմանյան խաղաղապահ առաքելություններին, որով ամրապնդվում է Հայաստանի ներդրումը գլոբալ անվտանգության և խաղաղության ապահովման գործում։ Կանանց ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվել է մի շարք նոր մասնագիտական դաշտերում՝ ռազմաբժշկական, լոգիստիկ և ռազմական կրթության ոլորտներում, ինչպես նաև հետախուզության որոշ օղակներում։

«Հայաստանի զինված ուժերից դուրս կա ներառականության ավելի լայն մշակույթ։ Այսօր կանայք զբաղեցնում են ներքին և արտաքին անվտանգության, արդարադատության ոլորտում ամենաբարձր պաշտոններից մի քանիսը։ Օրինակ՝ ՆԳ նախարարը, արդարադատության նախարարը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, գլխավոր դատախազը կանայք են։ Այս օրինակները ցույց են տալիս, որ անվտանգության կառավարման ոլորտում առաջընթաց ունենք, բայցև արձանագրում ենք, որ մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի։ Կին բարձրաստիճան պաշտոնյաները ոգևորում են բազմաթիվ աղջիկների՝ ցույց տալով, որ նրանց համար կան հնարավորություններ»,- մանրամասնեց ԱԽ քարտուղարը։

Նրա համոզմամբ՝ կին առաջնորդներն իրենց օրինակով երիտասարդ աղջիկների երազանքների դաշտն ընդլայնում են, ինչն ավելի լավ ապագայի հույս է տալիս։ Գրիգորյանի կարծիքով՝ միանշանակ է, որ անվտանգության ոլորտում կանանց հավասար ներգրավման խնդրի հասցեագրումը հնարավոր է, երբ հանրային կյանքի մյուս ոլորտներում ևս այդ հարցը հասցեագրված է, ուստի տվյալ խնդիրը պահանջում է ամբողջական, այլ ոչ թե հատվածական մոտեցումներ։ Ախ քարտուղարի խոսքով՝ գործադիր մարմինը, ԱԺ-ն, դատական իշխանությունը, քաղհասարակությունը, լրատվամիջոցները մեծ աշխատանք ունեն անելու այդ ուղղությամբ։ 

«Ընթացիկ տարվա հոկտեմբերին նշվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի («Կանայք-խաղաղություն և անվտանգություն») ընդունման 25-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Հայաստանը մշակել է գործողությունների ազգային երրորդ ծրագիրը, որը վերահաստատում է կանանց դերի բարձրացման և կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի գործում կառավարության հանձնառությունը։ Միջազգային իրավունքի մակարդակում Հայաստանը հետևում է կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի միջազգային մարդասիրական իրավունքին, ինչպես նաև միջազգային աշխատանքի կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա ընդգծեց նաև վերահսկողության մեխանիզմների կարևորությունը։ Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ-ն, ՀԿ-ները և ՄԻՊ-ի ինստիտուտը նշանակալի դեր ունեն պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող կառույցներում կանանց հավասարության առաջմղման, նրանց նկատմամբ խտրականության կամ ոտնձգությունների կանխարգելման գործում, քանի որ կանանց ներգրավվածությունն ուժեղացնում է թափանցիկությունը և նպաստում համապատասխան բարեփոխումների իրականացմանը։ 

«Հայաստանի անվտանգության տեսլականը համապարփակ է, այն ներառում է Մարդու իրավունքների պաշտպանություն, ինստիտուցիոնալ վստահություն, ժողովրդավարական կայունություն և սոցիալական ներառականություն։ Կանանց դերակատարումն անվտանգության ողջ համակարգում՝ նախարարություններից մինչև հրամանատարական շղթա, խաղաղապահ առաքելություններից մինչև առաջնագիծ, համալրում է մեր ազգային ներուժը և ամրապնդում երկարաժամկետ խաղաղության հիմքերը։ Հայաստանը շարունակում է բարեփոխումների ուղին, ուստի մենք վճռական ենք սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների հետ, որոնց փորձառությունը, աջակցությունն ու ներգրավվածությունը նպաստում են այն բարեփոխումներին, որոնք կենսական նշանակություն ունեն համատեղ անվտանգության և տարածաշրջանային կայունության համար»,- եզրափակեց Գրիգորյանը։     

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում