Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում հրդեհները մեկուսացված են
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել Տավուշի մարզում խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշված է Փրկարար ծառայության հազորդագրության մեջ, նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։
«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունն արձագանքել էր նաև սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվող և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութերին։
«Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան»,- նշել է Փրկարար ծառայությունը: