Հայաստան

Տերևների այրումը կհանգեցնի տուգանքի․ տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից

2 րոպեի ընթերցում

Տերևների այրումը կհանգեցնի տուգանքի․ տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զգուշացնում է, որ տերևների այրումն օրենքով արգելված է։ Նման գործողությունը կատարողը կենթարկվի պատասխանատվության։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի պետ Մեսրոպ Ավագյանը տեղեկացրեց, որ եթե տվյալ գործողությունը կատարել է ֆիզիկական անձը, ապա տուգանքի չափը 50 հազար դրամ է, իսկ եթե իրավաբանական անձը, ապա 200 հազար դրամ։  

«2025 թվականի ընթացքում տերևներն այրելու 16 դեպք է արձանագրվել, որից 15 դեպքով ունենք վարչական իրավախախտման արձանագրություն, այսինքն՝ պատասխանատվության են ենթարկվել։ Տեսչական մարմնի կողմից հիմնականում գարնանը և աշնանը հասարակության շրջանում իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ համագործակցելով մարզպետարանների, համայնքապետարանների, կրթական հաստատությունների հետ»,-ասաց Մեսրոպ Ավագյանը՝ հիշեցնելով, որ նման դեպքի պարագայում քաղաքացիները կարող են ահազանգել տեսչական մարմնին 119 հեռախոսահամարով։ 

Վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները վատթարացել են։ Ի թիվս այլ խնդիրների՝ Երևանի քաղաքապետարանը բարձրաձայնում է քաղաքացիների կողմից օրգանական թափոնների, այդ թվում՝ տերևների այրումը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 24-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում