Աշխարհ

ՄԱԿ-ը պաշտոնապես մեկնարկել է հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը պաշտոնապես մեկնարկել է հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը

Միավորված Ազգերի Կազմակերպությունը պաշտոնապես մեկնարկել է հաջորդ՝ 10-րդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Համատեղ նամակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեայի նախագահն առաջարկել են առաջադրել թեկնածուներ՝ 2027 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը ստանձնելու համար։

Փաստաթղթում նշվել է, որ որևէ կին երբեք չի զբաղեցրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, հետևաբար, անդամ պետություններին «խրախուսվում է լրջորեն քննարկել կին թեկնածուների առաջադրման հարցը»: 

«Մենք նշում ենք տարածաշրջանային բազմազանության կարևորությունը գլխավոր քարտուղարների ընտրության գործում», - նշվել է փաստաթղթում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հրապարակայնորեն հայտարարված թեկնածուների թվում են Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն արգենտինացի Ռաֆայել Գրոսին։

Վետոյի իրավունք ունեցող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան, պետք է համաձայնության գան թեկնածուի հարցում։

2017 թվականի հունվարի 1-ին Անտոնիու Գուտերեշն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 2021 թվականի հունիսի 18-ին նա վերընտրվել է նոր ժամկետով, որը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում