Միացյալ Նահանգներ

Ուկրաինան ակնկալում է այս շաբաթ ԱՄՆ-ում Թրամփ-Զելենսկի հանդիպման կազմակերպում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան ակնկալում է այս շաբաթ ԱՄՆ-ում Թրամփ-Զելենսկի հանդիպման կազմակերպում

Ժնևում բանակցություններից հետո համաձայնեցվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանները։ Ուկրաինայում մոտ ապագայում ակնկալում են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար և բանակցային պատվիրակության անդամ Ռուստեմ Ումերովը։

Ումերովի խոսքով՝ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները համաձայնության են եկել Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական պայմանների վերաբերյալ։

«Մենք այժմ ակնկալում ենք մեր եվրոպացի գործընկերների աջակցությունը մեր հաջորդ քայլերում», - նշել է նա։

Ումերովը հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերին հնարավորինս շուտ կայցելի Միացյալ Նահանգներ՝ վերջնական փուլերն ավարտելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության գալու համար։

Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ, ամերիկյան 28 կետից բաղկացած առաջարկը որոշ փոփոխությունների է ենթարկվել, կետերի թիվը նվազեցվել է։

Հրապարակումների համաձայն՝ ծրագիրը ներառում է, մասնավորապես, անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Բացի այդ, ըստ առաջարկի՝ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում