Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նոյեմբերի 24-ին Հաագայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 30-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է չտարածման ռեժիմի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերներին և ընդգծել զինաթափման գործիքակազմի ամրապնդման գործում միջազգային գործընկերների կողմից միասնական և համադրված ջանքերի գործադրման  կարևորությունը: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթներին և նպատակներին և քիմիական զենքից զերծ աշխարհի համընդհանուր տեսլականին:  Ընդգծվել է, որ Կազմակերպությանն անդամակցելուց ի վեր Հայաստանը հետևողականորեն առաջ է մղել քիմիական զենքի և դրա սպառնալիքի լիակատար վերացմանն ուղղված օրակարգը՝ համոզված լինելով, որ այն հնարավոր է ապահովել միայն միջազգային հանրության կողմից համընդհանուր կերպով հավատարիմ լինելու միջոցով:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի համար քիմիայի խաղաղ օգտագործման առաջնահերթությունը: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև ՔԶԱԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածության խորացման պատրաստակամությունը: Նշել է, որ միջազգային գործընկերների հետ արդյունավետ երկխոսության միջոցով Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ուղղված Կոնվենցիայի դրույթների պահպանմանը, նպատակների կյանքի կոչմանը, պատասխանատվության բարձրացմանը և քիմիական զենքի օգտագործման բացառմանը:

2025թ. նոյեմբերի 24-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովն ընտրվել է Մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում