Հայաստան

Երևանի ավագանու սահմանած կարգավորումները խախտող կառուցապատողների նկատմամբ կխստացվեն բոլոր կանոնները

5 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու սահմանած կարգավորումները խախտող կառուցապատողների նկատմամբ կխստացվեն բոլոր կանոնները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ավագանու սահմանած կարգավորումները խախտող կառուցապատողների նկատմամբ կխստացվեն բոլոր կանոնները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ դեկտեմբերին ընդունվելիք նախագծով շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կառուցապատողները կզրկվեն ժամկետի երկարաձգման շուրջ 85 տոկոս արտոնությունից, որը նախատեսվում է 2026 թվականին:

«Մենք տարբերակված մոտեցում ենք ցուցաբերելու այն կառուցապատողների նկատմամբ, որոնք պատշաճ կերպով իրականացնում են իրենց ցանցերի և օդի որակի չափիչ սարքերի տեղադրումը։ Այն կառուցապատողները, ովքեր մտածում են՝ սա ավելորդ ծախս է, շուտով կտեսնեն, թե որն է իսկական ավելորդ ծախսը։ Դեկտեմբերին կընդունվեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են լինելու մեր կառուցապատողների պարտաճանաչության հետ», – ընդգծել է քաղաքապետ Ավինյանը: 

Շինհրապարակների թերի կազմակերպման համար հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման 316 արձանագրություն: Անբարեխիղճ կառուցապատողների առաջին տասնյակում են «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ», «ԴԻՍՔԱՎԵՐԻ», «ԵՐԵՎԱՆԻ ԶԵՅԹՈՒՆ-ՍԱՌՑԱՐԱՆ», «Լորիդա Գրուպ», «ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ», «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ», «ՋԱՍԹ ԴԻՎԵԼՈՓԵՐ», «Ս․Ս․ԵՂԲԱՅՐՆԵՐ» և «Ս․Տ․Շ․-ՊԻՐԱՄԻԴԱ» ընկերությունները:   

Որպես բարեխիղճ կառուցապատող առանձնացվել է «ԳՐԻՆ ՓՐՈՓԵՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ն, շինարարությունն իրականացնում է «ՄԵՏՐՈՇԻՆ» ԲԲԸ-ն, հասցեն՝ Ազատության պողոտա 26/1: 

Անդրադառնալով նախորդ գիշեր արձանագրված օդի որակի էական վատթարացմանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա պայմանավորված էր նաև ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով: Քաղաքապետը խոսել է նաև բակերում տերևներ վառելու ավանդույթի մասին.

«Շատերդ տեսել եք կողքի բակում կամ մեր բակում ինչ-որ մեկին, որ հավաքում է տերևներն ու աղբը և վառում է։ Սիրելի երևանցիներ, փոքրիկ տերևների ու «աղբի վերամշակման գործարաններն» ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր միջավայրը, թունավորում են երեխաներին: Երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշու մասին և դրա դեմ պայքարում ենք, հրդեհների ծուխը 3–5 անգամ ավելի վնասակար է: Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր նոյեմբեր ամսից սկսում է օդի որակի վատթարացումը», - նշել է քաղաքապետն ու կարևորել խնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը։ 

Երևանի բուսաբանական այգում հիմնվող «Կյանքի պուրակ»-ի կառուցապատումը շարունակվում է: Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում են ճեմուղիներ, ավարտված են հուշահարթակի բետոնային, գլխավոր պոմպակայանի սարքավորումների մոնտաժումը: Ավարտական փուլում են լուսավորության հենասյուների մոնտաժման, ինչպես նաև արհեստական լճակի բետոնային աշխատանքները, իսկ երկու կամրջակների մոնտաժումից հետո կսկսվի հարդարումը և երեսպատումը:

Երևանի Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտված է. կառուցվել է 1.6 կմ-ոց արտաքին լուսավորության ցանց: Տեղադրվել է 52 հենասյու և 104 լեդ «խելացի» լուսատու: 

Երևանում ավարտվել են փողոցների ճաքալցման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է 8 վարչական շրջանների 21 փողոցներում՝ ընդհանուր առմամբ 527,400 գծամետր ծավալով: 

Շտապբուժօգնության ծառայության որակը վերջին տարիներին էականորեն բարլավվել է. 2023-ի հուլիսի 1-ին ներդրվել է վճարովի ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարելու համակարգ, 2024-ին ներդրվել է պլանշետներով կանչերի էլեկտրոնային մուտքագրման համակարգ, «1-03» օպերատիվ ծառայության զանգերի անխափան և առավել արդյունավետ աշխատանքի համար էլ ներդրվել է «E-1 կապուղի», զանգերի դիտարկման և ձայնագրման սարքավորումներ, որոնց շնորհիվ անպատասխան զանգերի հավանականությունը հավասարվել է 0-ի։ Արդյունավետ կառավարման շնորհիվ 141 մլն դրամի վնասով աշխատող ընկերությունն արդեն իսկ 2025թ. առաջին կիսամյակում գրանցել է 168 մլն-ի հասնող շահույթ:  

gis.yerevan.am էլեկտրոնային համակարգում հաշվառվել է 3208 հատ սուրճի և վճարային տերմինալ, որից թույլտվություն ունի 2162-ը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև տարեվերջ բանակցել, և չգրանցվածները, որոնց տերերը չեն ցանկանա դրանք օրինականացնել, ապամոնտաժել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում