Միացյալ Նահանգներ

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​պատրաստ է G20-ի նախագահությունը փոխանցել ԱՄՆ-ին

2 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​պատրաստ է G20-ի նախագահությունը փոխանցել ԱՄՆ-ին

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ին փոխանցել Մեծ քսանյակի (G20) նախագահությունը, սակայն առայժմ կառավարությունն այդ հարցի վերաբերյալ պատասխան չի ստացել Միացյալ Նահանգների դեսպանությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՀ արտաքին գործերի և համագործակցության նախարար Ռոնալդ Լամոլան։

«Մենք ասել ենք, որ եթե նրանք (խմբ.՝ ԱՄՆ-ն) ցանկանում են դա, մենք բաց ենք և հասանելի համապատասխան մակարդակով Արտաքին գործերի նախարարությունում: Իրենք են որոշում: Մեր կողմից մենք փոխանցել ենք էստաֆետը», - ասել է նա The Sunday Times թերթին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելիին, հայտնել էր, որ Սպիտակ տան կարծիքով՝ ՀԱՀ-ը ​​խոչընդոտում է G20-ի նախագահության սահուն անցմանը Միացյալ Նահանգներին: Վաշինգտոնը պատճառ է բերել, թե ՀԱՀ նախագահ, օրերս Յոհանեսբուրգում կայացած G20-ի գագաթնաժողովում նախագահող Սիրիլ Ռամաֆոսան պնդել է կլիմայի հարցերին նվիրված հռչակագրի ընդունումը՝ չնայած Միացյալ Նահանգների անհամաձայնությանը։ Ռամաֆոսան ավելի ուշ հայտնել է, որ Մեծ քսանյակի՝ Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովում տեղի չի ունեցել G20-ում նախագահության ավանդական փոխանցումը Միացյալ Նահանգներին։

ԱՄՆ-ն բոյկոտել էր Յոհանեսբուրգի գագաթնաժողովը։

ԱՄՆ-ն պետք է G20-ի նախագահությունը ստանձնի 2025 թ. դեկտեմբերի 1-ին՝ 12 ամսով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականին Ֆլորիդայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում