Օդի որակի վատթարացման պատճառներից է նաև բակերում տերևների և աղբի կույտեր վառելը. Ավինյանը կոչով դիմեց երևանցիներին
3 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում օդի որակի ցուցանիշների նվազմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն ընդգծեց՝ Երևանում օդի որակի վատթարացում է նկատվում՝ անդրադառնալով նաև դրա պատճառներին։
«Այս թեմայով տարբեր խոսակցություններ, տարբեր քննարկումներ կան։ Մասնավորապես, խոսում են շինարարական փոշու մասին, բայց արդեն որերորդ տարին է, որ մենք տեսնում ենք, որ խնդիրը սրվում է հենց ձմռան ամիսներին։ Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված Հայաստանի տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Օրինակ, խոշոր հրդեհ էր բռնկվել Ճամբարակում։ Ուզում եմ արձանագրել, որ այս տեսակ հրդեհները և դրանցից արտանետված նյութերն էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին»,- ասել է Ավինյանը։
Երևանի քաղաքապետը նշեց, որ օդի որակի վրա ազդեցություն են թողնում նաև այն իրավիճակները, երբ քաղաքացիները իրենց բակում հավաքում են տերևներն ու աղբը և վառում են։ «Սիրելի երևանցիներ, տերևների և աղբի վերամշակման այդ «փոքրիկ գործարաններն» առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, որոնք ապրում և խաղում են այդ բակում։ Մենք պետք է հասկանանք նաև թունավորման աստիճանը, որովհետև, երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց և դրա դեմ պայքարում ենք, դա 3-5 անգամ ավելի նվազ վնասակար է։ Այս սեզոնին, երբ որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով՝ դրան գումարած նաև այս տեսակի փոքրիկ «վերամշակման գործարանները» մեր օդի որակը էականորեն վատթարացնում են։ Ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է, այսինքն՝ եթե մի հատվածում որևէ բան այրվեց, այդ թունավոր նյութերը ժամերով մնում են օդում։ Ես հասկանում եմ, որ բաներ կան, որոնք սովորական են դարձել, բայց սրանք նորմալ սովորույթներ չեն։ Կներեք, բայց մի քանի պարկ տերևն աղբաման չհասցնելու համար ուղղակի բակում վառելն ու ամբողջ շրջակա միջավայրը թունավորելը նորմալ չէ։ Առաջին հերթին պետք է մարդկանց ասել, որ դա նորմալ չի ու նաև պետք է դրա դեմ պայքարել։ Եվ սա շինարարության մասին չէ։ Մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշու մասին, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ մեկ շենքի կառուցումը և նրա ստեղծած ամբողջ փոշին ընդամենը մեկ բակի մի հատ տերևների լավ կույտի այրում է, ինչը շատ ավելի թունավոր է և վտանգավոր, և մենք այս գիտակցումը պետք է ունենանք։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեր կառուցապատողները պետք է հանգիստ շունչ քաշեն, մեկը մյուսի հետ կապ չունի»,- նշել է Ավինյանը։
Քաղաքապետն ընդգծել է, որ այս թեմայի մասին պարբերաբար խոսելուց զատ, պետք է իրավիճակը շտկելու որոշակի գործիքակազմ ստեղծել։