«Թրամփի ուղի» նախագծի գործարկումը էականորեն մեծացնելու է Հայաստանի և Ղազախստանի տնտեսական գործակցության հնարավորությունները. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով Հայաստանը կենտրոնացած է «Թրամփի ուղի»  նախագծի իրականացման վրա և Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում է, որպեսզի համաձայնության հասնեն իրավական շրջանակի և կարգավորումների շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   

«Ինչպես գիտեք, հիմնական և սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են, և Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ հաղորդակցության և միջազգային հաղորդակցության համար: Եվ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն, այդ ամենը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիման վրա»,- նշել է ՀՀ վարչապետը:  

Նա հավելել է, որ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: 

«Ուզում եմ ընդգծել, որ նաև Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որտեղ նույնպես Ալմա-Աթայի հռչակագիրն ունի բազային սկզբունք: Եվ այդ համաձայնեցված և նախաստորագրված տեքստում Հայաստանը և Ադրբեջանն ընդգծում են, որ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ նախկին խորհրդային երկրների հանրապետությունները դարձել են անկախ պետություններ և նրանց միջև ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանների, այս հենքի վրա երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, արձանագրում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չբարձրացնել նաև ապագայում»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ սա իսկապես շատ ամուր հենք է տևական, կայուն և հուսալի խաղաղության համար, և առաջիկայում պետք է ջանքեր գործադրվեն խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար։ 

«Իհարկե, մինչ այդ մենք այսօր արդեն աշխատում ենք «Թրամփի ուղի»  նախագծի վրա, որը, կարծում եմ, էականորեն մեծացնելու է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է թե՛ Հայաստանի, թե՛ Ղազախստանի արտահանման պոտենցիալը, Հայաստանի դեպքում՝ դեպի արևելք, Ղազախստանի դեպքում՝ դեպի արևմուտք: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ Ղազախստանն ամենաբարձր` բարձրագույն մակարդակով հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, որը իհարկե, բաղկացած է լինելու երկաթուղային հաղորդակցությունից, խողովակաշարերից, էլեկտրահաղորդման գծերից, մալուխներից, և նաև ավտոտրանսպորտի համար նախատեսված ենթակառուցվածքները Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են ցուցաբերել տրամադրել միմյանց»,-նշել է ՀՀ վարչապետը։ 

Հայերեն العربية English Español Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր